ԿԻՄԸ ԿԱՐՈՂ Է ՓՐԿԵԼ ԴՈՆԻՆ

0
Հյուսիսային Կորեայի ժառանգական բռնապետ Կիմ Երրորդը հասավ իր եւ միգուցե ոչ միայն իր ուզածին: Այս ամառ կորեացիներն ի վերջո կարողացան հասցնել իրենց հին սովետական հրթիռները միջմայրցամաքային սպառնալիքի մակարդակի: ԱՄՆ գնահատականներով, արդիականացված հյուսիսկորեական մարտագլխիկներն արդեն կարող են պայթեցնել Լոս Անջելեսն ու Սան Ֆրանցիսկոն, Հոնոլուլուն ու Անքորիջը: Առաջին անգամ կես դարվա ընթացքում, Խրուշչովի ՛՛Մենք ձեզ կթաղենք՛՛ խուլիգանական հայտարարությունից եւ Կարիբյան ճգնաժամից հետո Ամերիկան ստանում է այդպիսի սպառնալիք: Կարելի է չկասկածել, որ Կիմ Չեն Ինի անհասկանալի ու անհեթեթ ագրեսիվությունը ունի ռսական գաղտնի աջակցություն: Ի վերջո, միայն Ռուսաստանն է հետեւողականորեն արգելափակում ՄԱԿ-ի բոլոր որոշումները Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի դեմ: Անգամ Չինաստանը ձեռնպահ է մնում նման դեպքերում: Ինչեւե, Մոսկվան չի դավաճանում իր հին ընկերներին՝ լինի դա Թուրքիան թե Հյուսիսային Կորեան, եւ այս հանգամանքը ստեղծում է ինչպես նոր մարտահրավեր, այդպես էլ նոր հնարավորություն, որն արդեն վերածվում է խիստ անհրաժեշտության ԱՄՆ-ի համար: Խոսքը Հյուսիսային Կորեային ծանր ռազմական պարտություն հասցնելու մասին է, որը կարող է եւ պարտավոր է իրականացնել ԱՄՆ-ը, քանի դեռ Կիմի հրթիռների քանակը հնարավոր է չեզոքացնել ոչ միջուկային հարձակման միջոցով: Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի բազաների, ռազմական արդյունաբերության, հրամանատարական կենտրոնների կետային ռմբակոծությունը արդեն չունի այլընտրանք: Ի վերջո, Կիմերի դինաստիայի կողմից կես դարից ավել իրականացվող սեփական ժողովրդի ցեղասպանությանը պետք է վերջ տրվի: Եթե միջազգային հանրությունը հապաղեց եւ տապալեց նման մարդասիրական առաքելություն 1994 թվին աֆրիկյան Ռուանդայում , ապա դրական օրինակ ցույց տվեց Վյետնամը, որն առանց տատանվելու 1979 թ. զորք մտցրեց Կամպուչիա եւ մեկ շաբաթվա ընթացքում ջախջախեց ՛՛կարմիր կխմերներին՛՛, ընդհատելով այդ երկրում իրականացվող եղեռնը:
Հայաստանը բոլորից լավ գիտի նման դեպքերում արտաքին միջամտության խիստ անհրաժեշտության մասին: Այսօր աշխարհում լայն համաձայնություն կա հյուսիսկորեական ահաբեկչական վարչախմբի վերացման մասին: Որքան էլ մեծ են վտանգներն ու վերապահումները՝ յուրաքանչյուր անցնող օրը մոտեցնում է աշխարհը միջուկային արկածախնդրության շեմին: Ճակատագրի հեգնանքով, այս գլոբալ սպառնալիքին դիմակայելու առաքելությունն ընկնում է ԱՄՆ նախագահ Թրամփի վրա, ում քաղաքական իմաստությունը կասկած է հարուցում: Այնումանայնիվ, ԱՄՆ պետական համակարգը բավական ամուր է, որպեսզի նման իրավիճակում որոշումները լինեն վերահսկելի եւ խոհեմ: Մյուս կողմից, Թրամփն արդեն ունի սահմանափակ ռազմական գործողության փոքր բայց հաջողված փորձ՝ սիրիական ավիաբազայի ռմբակոծում: Ոչ պակաս կարեւոր է նրա անձնական գործոնը՝ ծայրահեղ ծանր քաղաքական ճգնաժամ ապրող նախագահն ունի ՛՛փոքր հաղթական՛՛ պատերազմի խիստ անհրաժեշտություն: Տվյալ դեպքում անձնական շահերը համընկնում են համաշխարհային անվտանգության շահերին, ուստի Դոն Թրամփի վճռական գործողությունը Կիմ Չեն Ինի դեմ կարող է բերել ԱՄՆ նախագահին գոնե ժամանակավոր աջակցություն երկրի ներսում: Ամենակարեւոր արդյունքը կլինի դժբախտ հյուսիսկորեական ազգաբնակչության ազատագրումը կոմունիստական ստրկությունից եւ միավորումը Հարավային Կորեային որպես միացյալ պետություն՝ ծանր բայց անհրաժեշտ եւ անխուսափելի լուծում տալով կես դար շարունակվող ողբերգությանը:
Ուստի, Կիմը կարող է ակամա ՛՛փրկել՛՛ Դոն Թրամփին, եթե վերջինս հանդգնի փրկել Հյուսիսային Կորեան, ԱՄՆ-ը եւ ողջ աշխարհը:
Անհնար թվացող այս սցենարը կարող է իրականություն դառնալ շաբաթներ անց:
Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply