ՀԱՅԵՐՆ ՈՒ ՀՐԵԱՆԵՐԸ

3

Մեր երկու հնագույն ազգերի հարաբերությունների հարցը վերջերս դարձել է բավական թեժ, երբեմն անպարկեշտ եւ հաճախ անբովանդակ քննարկումների առարկա: Իմ սերնդի հայաստանցիների համար դա ինչ-որ տեղ տարօրինակ է, քանզի վստահաբար կարելի է պնդել, որ 20-րդ դարի երկրորդ կեսում Երեւանում հակահրեական տրամադրությունները բացակայում էին գրեթե բացարձակապես: Մերձավոր Արեւելքից ներգաղթած հայրենադարձների շրջանում նման խոսակցությունները մնում էին լոկ որպես  խոհանոցային շշուկներ եւ չէին ձեւավորում հանրային կարծիք ու տրամադրություն: Ինչպես նաեւ չկային հակառուսական, հակավրացական եւ անգամ հակաադրբեջանական տրամադրություններ, որոնք սահմանափակվում էին հիմնականում ֆուտբոլային կրքերով:

Եւ ահա վերջին տարիներին «հրեական հարցն» սկսեց տանջել մեր ազգակիցների որոշ մասի երեւակայությունը, եւ երբեմն էլ օգտագործվում է իբրեւ մեր պատմական դժբախտությունների բացատրություն: Ես բնավ էլ չեմ հավակնում այս հարցում մասնագետ լինելու, սակայն ազգային պատմությանը եւ մշակույթին նվիրված իմ ուսումնասիրություններում եւ ֆիլմերում հանդիպել եմ հայ-հրեական հարաբերություններին վերաբերող որոշ հետաքրքիր փաստերի, որոնք արժանի են ընթերցողների ուշադրությանը:

Վաղ պատմական շրջանից պահպանված գրավոր նյութերն այս թեմայով կրում են միակողմանի բնույթ՝ նրանք բոլորն էլ բացարձակապես հրեական աղբյուրներ են, հատկապես Աստվածաշնչյան հղումներով: Եթե նույնիսկ մի կողմ թողնենք ջրհեղեղից մարդկության փրկության հանգրվան Արարատը, որպես առ այսօր պահպանված աստվածաշնչյան առաջին եւ միակ աշխարհագրական անվանումն ու վայրը, ապա մեր ազգի ու երկրի առաջին հիշատակումը Սուրբ Գրքում գտնում ենք Ծննդոց Ժ գլխում, որտեղ խոսվում է Նոյի թոռ Թորգոմի, Հայկ Նահապետի հոր մասին: Հենց այսպես՝ «Տուն Թորգոմայ» անվանումով ճանաչեցին մեր նախնիներին հրեաները Բաբելոնյան շրջանում:

Հինգ հազար տարի առաջ ծավալված այս պատմությունը հին հրեա հեղինակները արձանագրեցին մ.թ.ա. 1400-ական թվականներին, երբ սկսեց ձեւավորվել Հին Կտակարանը:

Աստվածաշնչում հայերի հաջորդ հիշատակումը վերաբերում է մ.թ.ա. 7-րդ դարին եւ գտնվում է Հին Կտակարանի Թագավորաց Գրքի 19:36 մասում. «Եւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը չուեց գնաց դարձեալ, ու նստեց Նինուէ: Եւ երբ որ նա երկրպագում էր իր աստուծուն՝ Նեսրաքի տանը, նորա որդիքը ՝ Ադրամելէք եւ Սարասար նորան սրով սպանեցին եւ իրանք փախան Արարատի երկիրը…»

Անհրաժեշտ է նշել, որ հիշատակված Ադրամելեքն ու Սարասարը նույն Սանասար ու Բաղդասարն են՝ հայոց էպոսի հերոսները, ովքեր սպանելով բռնակալ հորը եւ, փախչելով մոր՝ Ծովինար թագուհու, հայրենիք Արարատի երկիր, հիմնեցին Սասունը:

Այսպիսով, Աստվածաշունչը եզակի ճշգրտությամբ ստուգաբանում է «Սասնա Ծռեր» հայոց ազգային էպոսի ձեւավորման տարեթիվը՝ մ.թ.ա. 687 թվականը՝ Սենեքերիմ արքայի սպանությունը եւ նրա որդիների ապստամբությունը: Ի միջի այլոց, Արքայաց Գրքի հրեա հին հեղինակները նկարագրում էին սա անթաքույց համակրանքով, քանի որ Ասորեստանը նաեւ հրեաների ահեղ ոսոխն ու ախոյանն էր:

Մեկ դար անց հին հրեական մարգարե Երեմիան արդեն ոչ թե համակրանքով, այլ փրկության խնդրանքով է դիմում հայերին. «Դրօշակ բարձրացրէք երկրի մէջ, փող հնչեցրէք ազգերի մէջ, է նորա դէմ պատրաստեցէք ազգերին, հրաւիրեցէք նորա դէմ ՝ Արարատի, Միննիի եւ Ասքանասի թագաւորութիւնները, նորա վերայ զօրավարներ նշանակեցէք: Ձիեր վեր հանեցէք մազոտ մարախների չափ: Նորա դէմ պատարաստեցէք ազգերը…»

Սա Բաբելոնը քանդելու հորդորն է «Ողբ Երեմիոյ» Հին Կտակարանի գրքից, որտեղ հրեաների եւ ողջ աշխարհի փրկության հույսը կապվում է նախ եւ առաջ Հայոց զորքի հետ:

Անցնում է եւս հինգ հարյուր տարի եւ հրեական Հովսեփ Փլավիոս պատմաբանը այսպես է նկարագրում հայոց մեծագույն արքա Տիգրան Երկրորդի արշավանքը դեպի Իսրայել. « Մոտավորապես այս նույն ժամանակ լուր հասավ, որ հայոց արքա Տիգրանը երեք հարյուր հազարանոց իր բանակով գրավեց Սիրիան եւ պատրաստվում է մտնել նաեւ Հուդեա: Սա իհարկե ահ ու սարսափ առաջացրեց թագուհու եւ ժողովրդի մոտ, այդպես որ, քանի արքան պաշարել էր Պտղոմաիդան, նրա մոտ ուղարկվեց մեծ պատվիրակություն բազմաթիվ արժեքավոր նվերներով… Հրեա դեսպանները եկան Տիգրանի առջեւ եւ խնդրեցին գթություն հանդես բերել նրանց թագուհու եւ ազգի հանդեպ: Նա ընդունեց նրանց համակրանքով եւ խոստացավ իր բարեհաճությունը, քանի որ նրանք հեռվից եկան հնազանդության ուղերձով…»

Ահա այսպիսին են հայտնի, մատչելի եւ Աստվածաշնչով սրբագրված փաստերը հայերի ու հրեաների շփումների եւ հարաբերությունների մասին մ.թ.ա. տասնհինգ դար շարունակ ձգվող ժամանակաշրջանում:

Ինչպես տեսնում եք, ոչ մի թշնամանք, հակակրանք, անգամ պատերազմ երկու հին ազգերի միջեւ չի արձանագրվել: Անգամ Տիգրան Մեծի արշավը դեպի Պաղեստին բերեց ոչ թե ստրկություն եւ մահ, այլ համագործակցություն եւ համերաշխություն հայերի եւ հրեաների միջեւ:

Շարժվենք առաջ: 5-րդ «ոսկեդարի» վերջում հայոց պատմահայր Մովսես Խորենացին գրում է իշխան Սմբատ Բագրատունուն, որին նա նվիրում է իր «Հայոց պատմությունը». «Առ սովաւ ասեն կեցեալ զՆաբուգոդոնոսոր արքայ Բաբելացւոց, որ գերեց զՀրեայս: Եւ սորա ասեն զմի ի գլխաւորաց Եբրայեցւոցն գերելոց խնդրեալ ի Նաբուգոդոնոսորայ` Շամբաթ անուն, ածեալ բնակեցոյց յերկրիս մերում մեծաւ պատուով. և ի սմանէ ասէ պատմագիրն լինել զազգն Բագրատունեաց, և հաւաստի է»:

Խորենացու պնդումը հայոց իշխան Բագրատունիների հրեական ծագման մասին կարող է եւ սխալ լինել, սակայն տվյալ դեպքում էական է հենց ենթատեքստը, որում նման վարկածը չի առաջացնում ո՛չ իշխանի, ո՛չ էլ ժամանակակիցների վրդովմունքն ու սարսափը, առավել եւս` կրոնական կամ ազգային անհադուրժողականությունը, այլ ընկալվում է իբրեւ հայ իշխանական տոհմի ազնվականության եւ հնության պատվավոր վկայություն:

Մեկ այլ հայ իշխանական ընտանիքի՝ Օրբելյանների տոհմական գերեզմանատանը՝ Եղեգնաձորի Եղեգիս գյուղում, առ այսօր խնամքով պահպանվում են հրեական արձանագրություններով 13-14 դարերի տապանաքարեր, որոնք վկայում են արքունիքում հրեաների զբաղեցրած բարձր դիրքի եւ կրոնական բացարձակ ազատության մասին:

Իր հերթին հայկական համայնքը տեղավորվեց եւ մնաց Երուսաղեմում Տիգրան Մեծի ժամանակից մինչեւ խաչակիրների արշավների դարաշրջանը` մինչեւ այսօր պահպանված մի ողջ Հայկական թաղամաս ստեղծելով երեք կրոնների կենտրոն հանդիսացող Սուրբ Քաղաքում:

Ահա չոր եւ շատերին հայտնի փաստեր: Շուրջ հինգ հազարամյակների ընթացքում՝ Հայկ Նահապետի տոհմի Բաբելոնից ելիցից սկսած, Սանասար ու Բաղդասարի դեպի Հայաստան փախուստից մինչեւ Տիգրան Մեծի արշավների արդյունքում Հայաստանում հրեական հազարավոր ընտանիքների բնակեցումը եւ հակառակ ուղղությամբ հայ հավատացյալների շարժումը դեպի Իսրայել՝ մեր պատմության ու պատմագրության մեջ չի արձանագրվել ազգամիջյան թշնամանքի, ատելության, առավել եւս` պատերազմի կամ ջարդի եւ ոչ մի դեպք:

Վերջերս տարածում ստացած «Ամալեկ անիծյալ ազգի» ստահոդ վարկածը, որն իբրեւ թե վկայում է հայերի ու հրեաների հին մրցակցության եւ հակակրանքի մասին, իրականում չունի որեւէ գիտական կամ գոնե առասպելաբանական հիմք, հետք եւ ապացույց: Ուրեմն ե՞րբ, ո՞ւմ կողմից եւ ի՞նչ նպատակով է ստեղծվել եւ տարածվում հայ-հրեական դարավոր թշնամանքի չար հեքիաթը: Ինչպես սովորեցնում է հին հռոմեական իրավաբանությունը, նման դեպքերում բավական է ճիշտ պատասխանել Qui profit , այսինքն՝ «ո՞ւմ է ձեռնատու» հարցին:

Փորձենք վերլուծել մեզ հասանելի տեղեկությունները: Հրեաների «հայատյացության» վարկածը հիմնվում է երկու հիմնական փաստարկների վրա:

Առաջինը Հայոց Եղեռնը նախաձեռնող երիտթուրքերի ազգային ծագումն է, երկրորդը՝ ժամանակակից Իսրայել պետության եւ դրա որոշ մոլեռանդ քաղաքացիների ոչ բարյացակամ վերաբերմունքն է հայերի նկատմամբ: Դրանց հաճախ ավելացվում է երրորդը` 1917 թ. ռուսական հեղափոխության առաջնորդների մեծամասնության հրեա լինելը:

Երեք փաստարկի մեջ էլ կա ճշմարտություն: Այո, շատ հնարավոր է, որ Թալեաթից մինչեւ Մուսթաֆա Քեմալ թուրք քաղաքական գործիչների արյան մեջ կա հրեական որոշ մաս: Միգուցե՝ մեծ մասը: Նշանակո՞ւմ է սա, արդյոք, որ Օսմանյան կայսրության «դյոնմե» կոչվող փոքրամասնությունը զավթել էր իշխանությունը երիտթրքական հեղաշրջման արդյունքում հայերին ոչնչացնելու սահմռկեցուցիչ նպատակով…

Եկեք հիշենք, որ Օսմանյան, ինչպես եւ ցանկացած այլ կայսրության ողջ պատմության ընթացքում կրոնափոխությունը, ազգային ձուլումն եւ ուծացումը հանդիսանում էին հասարակական բարձր դիրք գրավելու, քաղաքական պաշտոն զբաղեցնելու, տնտեսական բարգավաճումն ապահովելու սովորական միջոց: Այդ գործընթացին անմաս չէին նաեւ հայերը: Ավելին՝ ոչ թե հրեաներն այլ հենց հայերն էին զբաղեցնում Օսմանյան կայսրության առանցքային դիրքերը ֆինանսա-բանկային, մամուլի եւ գրահրատարակչության, քաղաքաշինության ու ճարտարապետության, առողջապահության, թատրոնի եւ երաժշտության ասպարեզներում: Անգամ զինվորական եւ դիվանագիտական ոլորտներում, որոնք սովորաբար փակ էին հայերի համար, մեր ազգակիցները կրոնափոխության եւ անվանափոխության հաշվին գրավում էին նույնպիսի բարձր պաշտոններ, հնազանդորեն ծառայելով Օսմանյան կայսրությանը:

Հոդվածը բազմաթիվ օրինակներով չծանրաբեռնելու համար, նշենք միայն մեկը՝ հայ մորից էր ծնվել հայերի ամենասարսափելի դահիճ սուլթան Աբդուլ Համիդը, որը գիտեր իր հայության մասին եւ էլ ավելի էր ատում ազգակիցներին հենց այդ պատճառով:

Այնպես որ երիտթուրքերի հեղաշրջումն ու մեկ տասնամյակ տեւած կարճատեւ իշխանությունը պետության ղեկին բերեցին մի քանի մոլեռանդ եւ ազգափոխ սրիկաների, որոնց, ի միջի այլոց, ամենայն խանդավառությամբ ու հրճվանքով ողջունում եւ օգնում էին հայ հասարակական գործիչները, մամուլը եւ քաղաքական կուսակցությունները: Ինչո՞ւ եւ ինչպե՞ս երկրի առանցքային դիրքերը, հարստությունը, անշարժ գույքը վերահսկող հայ համայնքը չկարողացավ պաշտպանել ինքն իրեն եւ իր սեփականությունը՝ սա մեծ, ծանր ու դաժան հարց է, որը մենք պետք է տանք ինքներս մեզ: Միգուցե հենց նույնքան ծանր ու դաժան պատասխաններից եւ պատասխանատվություններից խուսափելո՞ւ համար է այդքան տարածվել հայերի շրջանում մի քանի «դյոնմե»՝ կրոնափոխ իսլամացած հրեաների վրա մեր բոլոր դժբախտությունների մեղքը բարդելու սովորությունը…

Չմոռանանք նաեւ, որ նույն այդ երիտթրքական ոհմակը հաշված տարիներ անց դատապարտվեց մահվան հենց թրքական պետության կողմից եւ հետո գնդակահարվեց տարբեր վայրերում հայ վրիժառուների ձեռքով, ինչն էլ ավելի անհեթեթ է դարձնում նրանց «հզորության» վարկածը:

Եւս մի կարեւոր ավելացում անենք դավադրության տեսությունների սիրողների համար: Հրեաներն այն եզակի ժողովուրդն են, որի պատկանելությունը ոչ այնքան ազգային, որքան կրոնական է: Հրեա կարող է դառնալ ցանկացած ազգի ներկայացուցիչ ՝ թլպատվելու եւ Թալմուդ ընդունելու պայմանով: Օգտվելով այդ հանգամանքից, հրեաների քրմերը դեռեւս 9-րդ դարում կատարեցին աննախադեպ մի գործարք, հրեություն, ավելի ճիշտ հուդաիզմ տարածելով մի ողջ օտար ժողովրդի՝ խազարների շրջանում: Հիշենք, որ նույն դարաշրջանում ռուսներն ընտրեցին քրիստոնեություն, իսկ մոնղոլները բաժանվեցին բուդդիզմի եւ իսլամի միջեւ: Հենց այդ խազարական բազմությունը նոր լիցք հաղորդեց թուլացող ու սակավաթիվ դառնող հրեությանը եւ հիմք հանդիսացավ հետագայում եւրոպական «աշքենազի» հրեաների առաջացման համար, որոնք եւ կազմում են այսօր համաշխարհային հրեության ճնշող եւ ազդեցիկ մեծամասնությունը, ի տարբերություն «աստվածաշնչյան» հրեաների՝ սեֆարդների փոքրամասնության: Ի միջի այլոց, խազարները եղել են թյուրքական ծագումով քոչվոր ժողովուրդ, այնպես որ կրոնափոխ «դյոնմե» թուրքերի արյան մեջ հրեական հետք փնտրողները պետք է պատրաստ լինեն գտնելու նույն թյուրքական կենսբանական հիմքը:

Մյուս փաստարկը՝ ռուսական հեղաշրջման «հրեական» ծագման մասին՝ շատ մոտ է առաջինին ե՛ւ ժամանակի, ե՛ւ վայրի, ե՛վ իրականության նմանության առումով: Անկասկած՝ ռուսական առաջին հեղափոխական կառավարության մեծ մասը հրեաներ էին՝ Տրոցկին, Սվերդլովը, Զինովեւը, Կամենեւը եւ շատ ուրիշները, որոնց իրական հրեական ազգանունները հնչում էին գերմանական ոճով, գերմանական լեզվի բարբառ հանդիսացող իդիշ հրեական լեզվի պատճառով:

Անկասկած, 1917 թվականի հեղափոխությունը մեծագույն ողբերգություն էր Ռուսաստանի, եւ հատկապես Հայաստանի համար, բերելով մեզ տարածքային հսկայական կորուստներ եւ դժբախտություններ:

Ինչպես եւ Օսմանյան Թուրքիայում, հրեաները կազմում էին ցարական Ռուսաստանում մերժված եւ հետապնդվող փոքրամասնություն, որն իր ողջ ստեղծագործական ավերիչ շնորքը կիրառեց այդ երկու պետությունների կազմաքանդման գործում: Սակայն չմոռանանք նաեւ, որ ինչպես եւ Թուրքիայում, հաշված տարիներ անց իշխանությունը Ռուսաստանում նրանց ձեռքից անցավ բոլորովին այլ գործիչներին: Ռուսական հեղափոխությունից արդեն հինգ տարի անց Լենինը փաստորեն հեռացված էր պետության ղեկից, իսկ տասը տարի անց Կարմիր Բանակի ստեղծող Տրոցկին աքսորվել էր երկրից: Հետագա երկու տասնամյակները պետական ահաբեկչության տարիներ էին, որոնք գրեթե ամբողջությամբ ոչնչացրեցին նաեւ ռուս հեղափոխության հրեա առաջնորդներին՝ ինչպես կառավարության, այնպես էլ ՉԿ-ՆԿՎԴ-ԳՊՈՒ պատժիչ համակարգում: Այստեղ Կագանովիչի կամ Յագոդայի օրինակները միայն ապացուցում էին ընդհանուր օրինաչափությունը, ինչպես եւ Միկոյանի առկայությունը Կրեմլում ամենեւին էլ չէր նշանակում Ստալինի վրա հայկական որեւէ ազդեցություն:

Երրորդ փաստարկը վերաբերում է ժամանակակից Իսրայելի եւ Հայաստանի բարդ հարաբերություններին: Այստեղ պետք է հիշել մի ընդհանրություն մեր պետությունների միջեւ, որի մասին շատերն ուղղակի չգիտեն:

Բանն այն է, որ ե՛ւ Իսրայելի, ե՛ւ Հայաստանի պետականությունների վերականգնումը նախատեսված էր 1919-1920 թթ. Ազգերի Լիգայի որոշումներով, որոնք հանձնում էին այս երկու ազգերի ճակատագրերի «մանդատները» համապատասխանաբար Մեծ Բրիտանիային եւ Միացյալ Նահանգներին:

Ամերիկացիները գործի անցան շատ արագ եւ ինչպես հայտնի է, արդեն երկու տարի անց պատրաստել էին միացյալ Հայաստանի նախագիծն ու քարտեզը, որն էլ ստորագրեցին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնն ու Կոնգրեսը 1920 թ. նոյեմբերին: Հետագան նույնպես հայտնի է՝ մեկ շաբաթ անց Ռուսաստանը զավթեց Երեւանը Բաքվից ուղարկված 11-րդ բանակի ուժերով: Սովետական Հայաստանն սկզբում զրկվեց Կրեմլի կողմից Թուրքիային փոխանցված Արեւմտյան Հայաստանից, իսկ մի քանի շաբաթ անց նաեւ Ադրբեջանին նվիրված Արցախից ու Նախիջեւանից: Զանգեզուրը պահպանվեց միայն Նժդեհի դիմադրության շնորհիվ:

Մեծ Բրիտանիան գործում էր անշտապ եւ գործ ավարտին հասցրեց 1948 թվականին, երբ ի վերջո իրականացրեց արդեն գույություն չունեցող Ազգերի Լիգայի մանդատն ու փոխանցեց Պաղեստինի տարածքը անկախություն հռչակած Իսրայելին: Չմոռանանք, որ հրեաները վճարեցին անկախության համար Երկրորդ աշխարհամարտում տեղահանված, սպանված, հրկիզված վեց միլիոն մարդկանց կյանքով…

Այնպես որ մեր երկու ազգերի փորձն էլ փորձանք ունի: Թեեւ նախորդ հազարամյակների համեմատությամբ վերջին երկու տասնամյակների պատմությունը որեւէ ընդհանրացումների հիմք դեռ չի տալիս: Իսրայելն անցած յոթանասուն տարիների ընթացքում մի քանի անգամ կտրուկ փոխել է արտաքին քաղաքական կողմնորոշումը՝ ԽՍՀՄ, Անգլիա, Ֆրանսիա, ԱՄՆ: Իսրայելը մի քանի անգամ պատերազմել է իրեն շրջապատող արաբական երկրների հետ եւ ընդլայնել է իր տարածքը, տասնապատիկ ավելացնելով իր բնակչությունը ներգաղթի շնորհիվ: Իսրայելը հասել է տպավորիչ տնտեսական եւ գիտական զարգացման աստիճանի, թեեւ շարունակում է գոյատեւել մշտական պատերազմական վտանգի ներքո:

Հայաստանը դեռեւս պահպանում է նույն քաղաքական կողմնորոշումը, վճարելով դրա համար խորացող տնտեսական ճգնաժամով, արտագաղթով եւ անմրցունակությամբ:

Մեր երկրները առայժմ գտնվում են տարբեր քաղաքակրթական եւ քաղաքական ճամբարներում եւ հենց այստեղ պետք է փնտրել ազգային հողի վրա արհեստականորեն խորացող հակասությունների պատճառը:

Համոզվածությամբ կարող եմ մատնանշել երկու ուշագրավ յուրահատկություն: Սովետական շրջանում իշխող պետական քարոզչությունը բոլոր միջոցներով սերմանում էր հայերի մեջ վախն ու սարսափը թուրքերի վերաբերյալ: Այդ նպատակին էին ծառայում Եղեռնի սարսափների մշտական քարոզը պատմության, արվեստի, ազգային հոգեբանության մակարդակով: Այդ նպատակով փաստորեն նսեմացվում էր Սարդարապատի հաղթանակի եւ Առաջին Հանրապետության ստեղծման իրողությունը, ծաղրի էր ենթարկվում անկախության գաղափարը: Ռուսաստանին անշրջելիորեն հպատակեցնելուց բացի, այդ հզոր քարոզը հետապնդում էր եւս մեկ կարեւոր եւ քողարկված նպատակ՝ շրջանցել եւ անտեսել Ռուսաստանի պատասխանատվության բաժինն ու տգեղ քաղաքական դերակատարությունը Հայոց Ցեղասպանության ողբերգության մեջ՝ սկսած 150 հազար հայ զինվորների Կովկասյան ռազմաճակատից տեղահանումից եւ Արեւմտյան ճակատում նրանց բաշխումից, վերջացրած ազատագրված հայկական վայրերից ռուսական զորքի պարբերական նահանջներով` հայ խաղաղ բնակչությունը վերադարձող թուրքերի ջարդերին ենթարկելու գաղտնի ծրագրի շրջանակներում:

Ճիշտ նույն մեթոդաբանությամբ, որով ռուսական կայսերական քաղաքականությունը մեկ դար շարունակ քողարկվում էր թրքական սպառնալիքի իրական եւ հորինված վտանգով, այժմ էլ կիրառվում է Թուրքիան հարվածի տակից հանելու նողկալի քարոզը: Կրկին Կրեմլի դաշնակից եւ գործընկեր դարձած Թուրքիան այժմ փոխարինվում է Իսրայելով, ինչպես որ նախորդ տասնամյակներում ռուս նախարարներ Նելիդովի, Սազոնովի, Լոբանով-Ռոստովսկու, ապա եւ Լենինի ու Ստալինի հայատյաց ու հայակործան քաղաքականությունը կոծկվում էր երիտթուրքերի դաժանություններով: Այսօր էլ Թուրքիայի անժխտելի պատասխանատվությունը Հայոց Եղեռնի համար նույն ԿԳԲ-ական մասնագետների կողմից հմտորեն ու համառորեն փոխարինվում է Թալահաթի, Քեմալի, Պարվուսի հրեական ծագման իրական կամ հորինված վարկածներով, կարծես թե հրեաները հայերի պես հետապնդվող եւ ոչնչացվող ազգ չէին, եւ կարծես թե Իսրայել պետությունը ստեղծվել էր ոչ թե 1948 , այլ 1915 թվականին: Կարծես թե հրեաներն էին ջարդել 1,5 միլիոն հայ եւ նրանք են զավթել ԱՄՆ-ի եւ աշխարհի կողմից արդեն ճանաչված Հայաստանը 1920 թ. նոյեմբերի 29-ին, այլ ոչ թե Սովետական Ռուսաստանը, եւ կարծես ոչ թե Լենինն էր բաժանել Հայաստանը Թուրքիային եւ Ադրբեջանին, եւ ոչ թե Ստալինն էր կես միլիոն հայ տարել բանակ ու նրանց կեսը ոչնչացրել Կերչում, կարծես թե 1949-ին հունիսի լույս  14-ի գիշերվա աքսորը նույն Ստալինի կազմակերպածը չէր, կարծես թե Գորբաչովը չէր պահել սովետական զորքը երեք օր զորամասերում Սումգայիթի ու Բաքվի ջարդերի ժամանակ, կարծես թե Ռուսաստանի զորքը չէր արտաքսել հայերին Գետաշենից ու Շահումյանից Արցախյան պատերազմի օրերին…

Հրեա Օսիպ Մանդելշտամը 20-րդ դարում Հայաստանի մասին ամենահանճարեղ բանաստեղծություններն ու արձակն է ստեղծել ռուսերենով: Հրեա Վասիլի Գրոսմանն ու Յուրի Կարաբչիեւսկին ժամանակակից գրականության մեջ անզուգական սիրո խոստովանություններ էին թողել Հայաստանին նվիրված: Հրեա վիպասան Ֆրանց Վերֆելը անմահացրեց Եղեռնի օրերի հայոց դիմադրությունը «Մոսա-Դաղի քառասուն օրը» գրքում, որն իր հերթին Վարշավյան գետտոյի հրեաների համար Դիմադրության ոգեշնչման աղբյուր էր հանդիսացել:Հրեա Ռաֆաել Լեմկինը հենց Հայոց Եղեռնից ցնցված ստեղծեց «Genocide» բառն իբրեւ մարդկության եւ մարդկայնության դեմ վաղեմության ժամկետ չունեցող հանցագործության բնորոշում: 1988-ին Շիրակի եւ Լոռվա երկրաշարժի առաջին իսկ ժամերին հենց Իսրայելից Հայաստան հասավ օգնության առաջին միջազգային օդանավը, թեպետ մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություներ էլ չկային…

Իսրայել պետությունն առ այսօր չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունը, ինչը թեժ ներազգային քաղաքական վեճերի առարկա է հանդիսանում Իսրայելում: Վեճերը հատկապես սրվել են Եղեռնի հարյուրամյակի առիթով, երբ ՛՛Հաարեց՛՛, ՛՛Ջերուզալեմ փոստ՛՛ եւ այլ ազատական թերթերը մի շարք պատմական եւ բորայախոսական նյութեր են տպագրել, կառավարության ժխտողական դիրքորոշման կոշտ քննադատությամբ: Այնուամենայնիվ ամենատպավորիչ դասը մեր ազգային ողբերգության վերաբերյալ ես քաղեցի հենց Իսրայելից, երբ գարնան սկզբին այդ երկրի փոստային ծառայությունը հրատարակեց հայոց Եղեռնին նվրված հատուկ նամականիշ, որտեղ ոչ թե Ծիծեռնակաբերդի կոթողն էր պատկերված կամ զոհերի լուսանկարները, այլ Մայր Հայաստանի արձանը՝ թրով հզոր հայուհու կերպարը անգլերեն մակագրությամբ՝ Never Again, ”Այլեւս երբեք՛՛ ՝ Իսրայելի ոչ պաշտոնական կարգախոսը, դիմադրության եւ ցեղասպանության կրկնությունը բացառելու ազգային եւ պետական գերխնդրի բանաձեւը: Ահա ինչպիսի խորհուրդ են հղել հրեաները հայերիս Եղեռնի հարյուրամյակին:

Հայերին ու հրեաներին հակադրելու փորձը զավեշտալի եւ վտանգավոր քաղաքականություն է, որից մենք պետք է խուսափենք: Պետք է նախ եւ առաջ  մտավորական ու քաղաքական խիզախություն գտնել արձանագրելու համար այս պարզ ու ոմանց համար ծանր տանելի ճշմարտությունը, անգամ եթե ԿԳԲ-ի վարձու եւ կամավոր գործակալների մեջ կրկին գտնվեն իմ ականջի «բլթակով» կամ մարմնիս որեւէ այլ մասով հայությունս ու հայրենասիրությունս չափելու ցանկացողներ:

(լուսանկարում՝ Փարիզի Պալե Ռոյալ արքայական դղյակում քաղաքի հնագույն Սեն Շապել եկեղեցու բարձրաքանդակի մի հատված՝ Նոյը կառուցում է փրկության տապանը որդիների հետ, որոնցից հետո առաջացան բոլոր մարդկային ցեղերն ու ազգերը: Հեռվում երեւում է Զվարթնոց տաճարը)

 

 

Share.

About Author

Tigran Khzmalyan

3 Comments

  1. Խորաթափանց շատ հետաքրքրկան տեսութիւն եւ հարուստ պատմութեան դաս։ Միայն թէ այդ նամականիշը Հրեական փոստային ծառայութիւնը չի կարող հրատարակած լինել։ Այդ նամականիշի կողքին է Judaismi տօնակատարութեան վերաբերող նամականիշը, բայց այն ինչ վերաբերում է Հայկական Եղեռնի նամականշին այն արժէք չունի, ինչ-որ մէկը դա հնարել է։

  2. Լուսինե on

    իսկ ռուսն ի՞նչ կապ ունի եվրոպայում նյութերի հրապարակման հետ, որ արվում է հրեաների կողմից, որ իբր 15թվականին հայերն են ցեղասպանություն գործել հրեաների ու այլ ազգերի նկատմամբ. կամ ռսի թելադրանքո՞վ է իսրայելը աշխարհին ներկայացնում մեր պատմությունը, մշակույթը, անվանելով հրեական… Հային էլ՝ քոչվոր ու երիտասարդ ազգ… թե՞ 1880-ականներին ռուսը վառեց ու ոչնչացրեց այն բոոր գրքերն ու գրականությունը, որտեղ խոսվում էր ՀԱՅԿԱԿԱՆ լեռնաշխարհի՝ քաղաքակրթության բնօրրան լինելու մասին ու եվրոպական ազգերի ՀԱՅԿԱԿԱՆ ծագման մասին….
    ռուսները աչքիս լույսը չեն, ոչ էլ եղբայրներս, ինչպես դուք եք կոչ անում այդպիսին լինել թշնամի ազգերի հետ… բայց չարժե հակառուսական տրամադրվածությունն այսպես քարոզել… մեղմ ասած՝ ընդունելի չէ… ոչինչ, սաէլ ենք հասկանում, պետք է որ արվի… գլոբալիզացիա է, բան է… ծրագրեր են, հրամաններ են, իրականացնել է պետք…. բայց Հայը ուժեղ է, սրա միջով էլ կանցնի, կդիմանա, հակառակ հրեաներին ու իրենց ստոր ծրագրերին… Աստված Հայերիս հետ.

  3. Լուսինե on

    հոդվածում ճիշտ է ասվում, որ սովետական Ռուսաստանը Հայաստանին մեծ հարվածներ է հասցրել, իսկ ո՞վ է կազմակերպել բոլշևիկյան հեղափոխությունը կամ ովքե՞ր էին սովետական Ռուսաստանի պաշտոնյաներն ու ղեկավարները… սրա մասին հոդվածում ոչինչ չկա
    պակասը լրացնում եմ՝ բոլշևիկյան հեղափոխությունը հիմնականորեն կատարվել է հ ր ե ա ն ե ր ի կողմից, իսկ սովետական Ռուսաստանը ղեկավարվել է մեծամասնորեն հ ր ե ա ն ե ր ի կողմից. դրա մասին ասում են ոչ թե ռսամետ հայերը կամ ,,հային ու հրեային թշնամացնող,, ռուսները, այլ բոլորովին այլ գործիչներ.

Leave A Reply