ՀԱՅ-ՌՈՒՍ-ՍԻՐԻԱԿԱՆ ՍԻՐԱՅԻՆ ՍԵՐԻԱԼԸ

0

Հազարավոր ռուս զինվորներ, տասնյակ ինքնաթիռներ ու մի քանի ռազմանավ հայտնվեցին Սիրիայում հանուն նրա, որ Ռուսաստանի նախագահ Վլաձիմիր Պուծինի կարողանա ելույթ ունենալ ՄԱԿ-ում: Առանց նման ռազմական ցուցահանդեսի նրա հայտնվելը միջազգային ասպարեզում ոչ միայն համոզիչ չէր լինի, այլ կարող էր անգամ վտանգավոր դառնալ, ինչպես ակնարկում էին անգամ որոշ ռուսական թերթերը, տարակուսելով՝ արդյո՞ք Նյու-Յորքի օդանավակայանում չեն ձերբակալի Պուծինի ինքնաթիռը՝ մալայզիական «Բոինգի» կամ կողոպտված «Յուկոսի» տուգանքների դիմաց: Սակայն իրական վտանգը սպառնում է ոչ թե ռուսական գույքին արտասահմանում, որի գոնե դիվանագիտական մասը պաշտպանված է միջազգային պայմանագրերով: Վլաձիմիր Պուծինը ուղարկեց իր զորամիավորումները հեռավոր Սիրիա ոչ թե Բաշար Ասադի անհույս իշխանությունը փրկելու, այլ սեփական անձի անվտանգությունն ապահովելու նպատակով:

Տարիներ շարունակ եւ հատկապես վերջին ամիսներին Կրեմլի մշտական մղձավանջն է Սադամ Հուսեյնի, Մուհամար Քադաֆու, Հոսնի Մուբարաքի եւ Վիկտոր Յանուկովիչի ճակատագիրը: Դրան կարելի է ավելացնել նաեւ այլ, դեռ սովետական հաճախորդների աննախանձելի վախճանը՝ սկսած Նիկոլայ Չաուշեսկուից մինչեւ Սլոբոդան Միլոշեւիչը: Սակայն Քադաֆուն, օրինակ, Պուծինը ծանոթ էր անձամբ. նստում էր նրա հետ ավանդական արաբական վրանում, նրա կին-թիկնապահներով շրջապատված: Էլ Յանուկովիչի մասին խոսելն էլ ավելորդ է: Այնպես որ լիբիական առաջնորդի  սարսափելի մահը եւ եւ ուկրաինական ավազակապետի խայտառակ փախուստը պետք է որ առանձնակի մեծ ու ծանր տպավորություն թողած լինեն ռուս նախագահի նրբազգաց երեւակայության վրա: Մոտավորապես հինգ տարի առաջ Կրեմլում սկսեց նշմարվել ռուսական նոր, թեեւ իրականում դեռ 19-դարի առաջին կեսից ձեւավորված քաղաքական տեսլականը՝ «ժողովրդավարության պատրվակով հեղափոխությունների կանխում»: Եթե երկու հարյուր տարի առաջ ռուս արքաներն օգտագործում էին սույն կարգախոսը Ֆրանսիան, Լեհաստանը, Կովկասը գրավելու եւ ճնշելու համար, եթե հիսուն-քառասուն տարի առաջ բոլշեւիկները նույն տրամաբանությամբ զավթում ու ճնշում էին նույն Լեհաստանը, Հունգարիան, Չեխոսլովակիան, Աֆղանստանը, ապա այսօր, չկարողանալով այլեւս սպառնալ Եւրոպային, Կրեմլը կենտրոնացել է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի եւ Հայաստանի վրա: Եթե XIX դարում Ռուսաստանն ստանձնել և որոշ ժամանակ իրականացնում էր «Եվրոպայի ժանդարմի» դերը, համաշխարհայինը զիջելով Անգլիային, ապա XX դարում նաև համաշխարհային ոստիկան դառնալու հավակնությունները կործանեցին սովետական կայսրությունը: Այսօրվա Ռուսաստանի ժանդարմական դիմակը հիշեցնում է ավելի շուտ ժանդարմ Կրյուշոյի կամ կոմիսար Ժյուվի կերպարները Լուի դե Ֆյունեսի կատարմամբ:

Սիրիան, թերեւս, ռուսական զորքի վերջին հեռավոր արշավն է՝ կայսերական երազանքի ավարտական հոգեվարքը: Սակայն, կրկնեմ, պետական վեհաշունչ գերխնդիրներից զատ, այստեղ առկա է մանր անհատական զգացմունք՝ վախ ու կասկած: Պուծինը սարսափում է իշխանության կորստից հենց պատասխանատվություն կրելու վախից: Ահա ինչու է նա այդքան հաճախ ու ցուցադրաբար հանդիպում իտալական տխրահռչակ նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի հետ, ով դատվում է անչափահաս աղջիկների հետ կենակցելուց սկսած մինչեւ կաշառակերության ու կոռուպցիայի մեղադրանքներով: Պուծինին ակնհայտորեն հաճելի է տեսնել, թե ինչպես է դիմանում դրան ծերացած իտալացի փլեյբոյը, խաղալով եւրոպական մեղմ արդարադատության հետ: Ի՞նչ համեմատություն Քադաֆիի կամ Սադամի հետ:

Սակայն մեզ այս պարագայում պետք է ավելի հետաքրքրի ոչ թե Բերլուսկոնիի ճարպկությունը, այլ մեր հարազատ օլիգարխների ապագան, որը սերտորեն կապված է հենց ռուս նախագահի քաղաքական հեռանկարների հետ: Քոչարյանն ու Սարգսյանը, Ծառուկյանն ու Ալեքսանյանը, Սեդրակյանն ու Հայրապետյանը, ինչպես եւ մնացած երկու-երեք տասնյակ հայ բդեշխները անշրջելիորեն, անվերապահ, անվերադարձ կապել են սեփական ճակատագրերը, ունեցվածքը, անվտանգությունը ռուս նախագահի ու նրա քաղաքական ճակատագրի հետ: Դա սկսվեց 1999 թվի հոկտեմբերի 27-ին, կնքվեց 2008 թվի մարտի 1-ին եւ միայն ամրացավ հետագա տարիներին: Նրանք եկել են միասին եւ միասին էլ կգնան: Լինելու է դա Քադաֆու ու Սադամի ոճով կամ Մուբարաքի ու Բերլուսկոնիի՝ սա է ողջ հարցը, թեեւ հարցն այդ զուտ անձնական է եւ պատմության համար մեծ նշանակություն չունի: Իհարկե, Հայաստանի ապագա ժողովրդավարության համար գերադասելի եւ անհրաժեշտ է երկրորդ՝ եւրոպական տարբերակը, որը հենց դատական գործընթացով, այլ ոչ պալատական հերթական հեղաշրջման միջոցով պետք է հիմք դնի բռնապետությունը բացառելու սահմանադրական եւ օրինական մեխանիզմին:

Առայժմ մենք դիտում ենք հայ-ռուս-սիրիական սերիալի վերջին մասերից մեկը: Իհարկե, ռուսական զորքը Սիրիա ուղարկվեց ոչ թե «Իսլամական պետության» դեմ կռվելու համար, թե չէ հինգ տարի չէին սպասելու, համ էլ քսան ինքնաթիռով հարյուր հազար հետեւակի դեմ չեն կռվում: Այդ թանկարժեք ու վտանգավոր ռազմական շքերթը կոչված է ցուցադրել բռնապետների «համերաշխությունն» ու փոխօգնությունը, ինչպես Երեւանի Օպերայի հրապարակում 2008 թվականի մարտի 1-ին, ինչպես Կիեւի Մայդանում 2013 դեկտեմբերին: Սակայն անգամ ամենաերկար սերիալները վերջ ունեն, եւ սրա ավարտն էլ է մոտենում: Ինչպե՞ս է կոչվելու այդ սերիալը՝ «Հարուստները նույնպես լացում են», «Դժվար ապրուստ» կամ «Գեներալի աղջիկը»՝ չգիտեմ: Հնարավոր է, որ բոլոր այդ սյուժեները իրականան միանգամից:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply