ՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՏՔԸ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԽՈՑՎԱԾ ՕԴԱՆԱՎԻ ՀԱՐՑՈՒՄ

0

Հոլանդական Handelsblad թերթի փոխանցմամբ, երկրի ոստիկանությունը բացահայտել է  Malaysia Airlines,  МН17 Ամստերդամ-Կուալա-Լումպուր չվերթի օդանավի Ուկրաինայի երկնքում կործանման անմիջական պատասխանատուներից մեկին`ռուսական հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյա, գեներալ-մայոր Սերգեյ Պետրովսկուն: Հոլանդացի իրավապահների տրամադրության տակ են հայտնվել ոչ միայն օդանավի կործանման պահին ռուս գեներալի խոսակցությունների ձայնագրությունը, այլ նաեւ լուսանկարները, որտեղ նա ղեկավարում է  “Բոինգը” խոցաց “Բուկ” հրթիռային կայանի հեռացումը հանցագործության վայրից: “Խմուռի”` այսինքն “մռայլ” մականունով ռուս բարձրաստիճան հետախույզի դերը թերեւս հերթական եւ լուրջ ապացույցն է  այդ զանգվածային սպանդին Կրեմլի անմիջական մասնակցությանը:

Այն, որ Պուծինն անմիջապես տեղեկացված է եղել օդային ողբերգության իրական հանգամանքների եւ ռուսական մեղքի մասին` պարզ է եղել արդեն Օբամային նրա գիշերային զանգից եւ հրատապ ու ընկճված հեռուստաելությից այդ կապակցությամբ: Այլապես ինչո’ւ պետք է այդքան մտահոգվեր ռուս նախագահը թշնամական Ուկրաինայի օդում խոցված մալայզիական ինքնաթիռի պատճառով? Սակայն առաջին ժամերի մարդկային արձագանքից հետո նրա հետ չար կատակ խաղաց չեկիստական անցյալը, որից նա յուրացրեց բացարձակ ստահակությունն ու մերժողականությունը: Եթե նա հանդես բերեր քաղաքակիրթ մարդու եւ քաղաքական գործչին վայել գթասրտությունն ու ապաշխարհանքը, ընդունելով իր երկրի եւ սեփական պատասխանատվությունը` երեւի թե շատ բան ընթանար այլ կերպ: Սակայն Պուծինը եւ նրա օրինակով ողջ ռուսական քարոզչական մեքենան ժխտեցին իրողությունը, ստեցին ողջ աշխարհի երեսին եւ դրանով իսկ լկտի մարտահրավեր նետեցին մարդկության հիմնական արժեքներին: Դա չի ներվում ոչ ոքի: Այդ օրը շատերը հիշեցին Լիբիայի առաջնորդ Մուհամար Քադաֆիի  կազմակերպված ոճռագործությունը, երբ 1988 թվին նրա հրամանով Շոտլանդիայի երկնքում պայթեցվել էր ամերիկյան օդանավը, կործանելով 280 մարդկային կյանք: Տասը տարի տեւած հետախուզության արդյունքում Քադաֆիի մեղքն ապացուցվեց եւ նա ընդունեց իր պատասխանատվությունը, վճարելով 1 միլիարդ դոլար փոխհատուցում զոհերի ընտանիքներին: Սակայն մեծ հաշվով, նրան չներեցին այդ հանցագործությունը եւ պատահական չէ, որ հենց Մուհամար Քադաֆին կնքեց ամենասարսափելի մահկանացուն քսան տարի անց արաբական ապստամբությունները ընթացքում: Անգամ Սադամ Հուսեյնն արժանացավ գոնե դատի եւ կախահանի: Մուբարակն բառի բուն իմաստով  թուք ու մուր էր ուտում, վանդակում նստած, սակայն ի վերջո արդարացվեց մեղադրանքների մեծ մասով: Իսկ Քադաֆիի մահը սարսափելի էր ու դաժան, եւ անհնար է ազատվել կործանված օդանավի համար ճակատագրական վրեժի տպավորությունից: Ահա ինչու այդքան սարսափած ու ընկճված էր Պուծինը առաջին ժամերին, ահա ինչու էր նա այդքան լկտի եւ գոռոզ հետագայում: Սակայն բոլոր հետքերն ու ապացույցները ոչնչացնելու նրա ճիգերն ապարդյուն են: Դանդաղ բայց անշեղորեն աշխատող արեւմտյան արդարադատությունը սկսեց ներկայացնել պուծինյան մեղքի անհերքելի ապացույցները: Դա անշրջելիորեն հեռացնում է Վլաձիմիր Պուծինին քաղաքակիրթ աշխարհի առաջնորդների շարքից: Ահա ինչու, այլ բոլորովին էլ ոչ միայն ուկրաինական պատերազմի պատճառով են հրաժարվում աշխարհի քաղաքական գործիչները այցելել Մոսկվա երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյակի առիթով` քանի որ չեն կարող թույլ տալ իրենց սեղմել 300 անմեղ մարդկանց կյանքը կործանողի ձեռքը, առավելեւս որ նա շարունակում է ստել ու ժխտել իր մեղքը: Այս վերջին հանգամանքը ավելի է ծանրացնում նրա հանցագործությունը, քանի որ մերժում է համամարդկային արժեքների հիմքը` մարդու հոգեւոր ազատության եւ անձնական պատասխանատվության գաղափարը: Պատժամիջոցներն ու տուգանքները լինելու են ահռելի մեծ եւ ծանր խարխլված ռուսական տնտեսության համար, հասնելով տասնյակ միլիարդների, դա ակնհայտ է: Սակայն շատ ավելի ծանր է լինելու Ռուսաստանի եւ նրա առաջնորդի հանդեպ համաշխարհային արհամարհանքն ու նողկանքը, քանի որ Պուծինը մերժում է մարդկային կյանքի արժեքն ու ճշմարտությունը` հենց այն, ինչ անում է Թուրքիան հայերի հանդեպ տասնամյակներ շարունակ: Եւ այստեղ կարեւոր է ոչ այնքան զոհերի քանակը, որքան պատժի անխուսափելիությունը: Ահա եւս մի պատճառ, ինչու մենք, հայերս, իրավունք չունենք դաշնակցել մարդասպանների եւ ստահակների հետ, եթե պահանջում ենք արդարություն եւ փոխհատուցում մեզ համար: Սա վերջերս հիծեցրեց մեզ մի ուկրաինացի, արժանանալով անեծքների: Ուրեմն մենք այդպես էլ ոչինչ չհասկացանք այս կայնքից ու մեր սեփական պատմությունից: Չարը իսկապես միշտ պատժվում է, ուշ թե շուտ: Միշտ:

 

 

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply