ՆԱՎԹԻ ՈՒ ՉԱՐԻ ՎԵՐՋԸ

0

Առաջին աշխարհամարտը, որի անբաժան մասն է հայոց Եղեռնը, սկսվել էր հայերի կողմից այդքան սիրված «Մերսեդես» ավտոմեքենայի ստեղծող, գերմանացի Բենցի և նրա ազգակից Դիզելի գյուտի պատճառով: Նրանց կողմից կառուցված ներքին այրման շարժիչն իր հետ տեխնիկական և տնտեսական հեղափոխություն բերեց մարդկային քաղաքակրթությանը: Շարժիչն աննախադեպ առաջընթաց հաղորդեց գիտությանն ու տեխնիկային, հիմք դրեց ավտոարտադրության և ավիացիայի համարˋ անճանաչելիորեն փոխելով աշխարհը: Այն ուներ միայն մեկ թերություն, դա վառելիքի կարիքն էր:

Ածխի դարաշրջանն ավարտվեց, և սկսվել էր նավթի դարը: «Սև ոսկի» կոչված այդ հեղուկն իսկապես սև դեր խաղաց շատ ազգերի եւ հատկապես հայերիս ճակատագրում: Երկու համաշխարհային պատերազմների հիմնական պատճառն է եղել Գերմանիայի, Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ձգտումը վերահսկել Կասպից ծովի և Պարսից ծոցի ավազանի նավթային պաշարները: Հենց նավթը Բաղդադից Բեռլին տեղափոխելու համար նախատեսված երկաթուղին կառուցելու նպատակով գերմանացիները 20-րդ դարի սկզբին պատվիրեցին կազմել շուրջ 150 հազար հայ բանվորների ցուցակները, որոնք հետո օգտագործեցին երիտթուրքերը Եղեռնի օրերին, տասնապատկելով այդ թիվը նրանց ընտանիքների հաշվին:

Ափշերոնի նավթահորերի շուրջ էր աճում ու բարգավաճում տեղի հայկական համայնքը, որի ճակատագիրը նավթի պես սև ավարտ ունեցավ նույն 20-րդ դարի վերջում՝ Սումգայիթի և Բաքվի ջարդերում: Անգամ հիմա Հայաստանի ստրկական կարգավիճակը զգալի չափով Ռուսաստանից նավթագազային կախվածության արդյունքն է:

Ահա ինչու մեզ քաղաքական նորություններից ավելի պետք է որ հետաքրքրեն գիտատեխնիկական գյուտերի մասին լուրերը: Իսկ այդ լուրերն ապշեցուցիչ և հեղափոխական են, հատկապես այս օրերին: Նույն Գերմանիան, որի ճարտարագետներն հարյուր տարի առաջ անճանաչելի կերպով փոխեցին աշխարհի պատկերը իրենց բենզինային ու դիզելային շարժիչներով, այսօր հայտնում են ջրից ու օդից վառելիք ստանալու գյուտի մասին: Այն փորձարկվում է Ֆերդինանդ Պորշեի հիմնադրած «Ֆոլքսվագեն» ընկերության մաս կազմող «Աուդի» գործարանում: Նույն ուղղությամբ աշխատում է ճապոնական «Տոյոտան»: Երկու համաշխարհային պատերազմներում պարտություն կրած երկու ազգերը հեղափոխական գյուտերով վերջ են դնում այդ պատերազմների պատճառ հանդիսացող նավթի դարաշրջանին ու փաստորեն կանխում են նոր պատերազմի մեծագույն վտանգը:

Ջրի ու օդի համատարած մատչելիությունը հեղափոխական ժողովրդավարություն է բերում բոլոր ազգերին ու պետություններին, վերացնելով քչերի մենաշնորհը և շատերի կախվածությունը: Ամերիկացի հանճար Էլոն Մասկը ոչ միայն արտադրում եւ վաճառում է ողջ աշխարհում էլեկտրական մարտկոցով եւ առանց շարժիչի աշխատող իր զարմանահրաշ «Տեսլա» ավտոմեքենան, այլ նաեւ հրապարակել է ազատ օգտագործման համար դրա տեխնիկական գաղտնիքները: Գերմանիան անցյալ տարի արտադրեց ավելի շատ էլեկտրաէներգիա արեւային եւ հողմային կայանների միջոցով, քան իր ատոմային, ջերմային, ջրային եւ ածխային աղբյուրներից: ԱՄՆ-ն ամիսներ առաջ շահագործման հանձնեց աշխարհի խոշորագույն արեւային մարտկոցների էլեկտրակայանների համալիրը Կալիֆորնիայի Մոհավա անապատում եւ արագորեն մոտենում է Գերմանիայի ցուցանիշներին:

Աշխարհը փոխվում է, եւ այս գիտատեխնիկական առաջընթացը մեծապես ազդում է ոչ միայն տնտեսության, այլ նաեւ քաղաքականության վրա: Նավթագազային հսկաները հեքիաթային արագությամբ վերածվում են քաղաքական գաճաճների: Հայաստանն ուներ հսկայական գիտական, տեխնիկական, մարդկային ներուժ առաջադիմելու արդիական տեխնոլոգիաների ասպարեզում, սակայն իշխանության եկած մանր վաճառականների տգիտության եւ ագահության պատճառով հայտնվեց ամոթալի էներգետիկ եւ տնտեսական ստրկության մեջ: Մեր կորցրած հնարավորությունների, մեր անցյալ փառքի ու ներկայիս թշվառության արձանի պես խոյանում է Արագածի ստորոտում Պարիս Հերունու անավարտ մնացած ու լքված Օրգովի արեւային կայանը:

Անգամ այս պայմաններում երկրի միակ արդյունավետ զարգացող ոլորտը՝ համակարգչային ու տեղեկատվական տեխնոլոգիաներն են, երիտասարդ եւ կրթված մասնագետներով: Շարունակվող քաղաքական հետամնացության ու տնտեսական ճորտատիրության պայմաններում նրանք անխուսափելիորեն արտագաղթելու են երկրիցˋ իրենց հետ արտահանելով մեր զարգացման եւ ապագա անկախության վերջին հույսը: Ահա ինչու են անչափ կարեւոր մեր օրերում Արեւմուտքից հասնող լուրերը տեխնիկական այս նոր հեղափոխության մասին: Նրանք հույս են ներշնչում, ոը քաղաքական հեղափոխությունը մոտ է, իսկ կայսերական գաղութացման տապալումը անխուսափելի: Մենք շրջապատված ենք նավթագազային մենաշնհորհից ուռճացած հրեշներով, ում լափը շուտով կավարտվի: Սոված գազանները նույնպես վտանգավոր են, սակայն մենք նրանցից պաշտպանվելու եւ քաղաքակիրթ աշխարհի հետ նույն ճամբարում պատսպարվելու հնարավորություն ունենք: Սա է Հայաստանի փրկության բանաձեւը: Ջուրն եւ օդը փրկելու են մեզ նավթից փքված հրեշներից: Նավթի վերջը՝ չարի վերջն է:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply