ՆՈՅԵՄԲԵՐԻ ՄՈԳՈՒԹՅՈՒՆԸ

0

Նոյեմբերի 11-ը միջազգային օրացույցում կիսամոռացված, թեեւ կարեւոր օր է: 1918 թ. 11-րդ ամսվա 11-րդ օրը, ժամը 11 անց 11 րոպե հայտարարվեց Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը: Այդպիսի խորհրդանշական հանդիսավորությունը բացատրվում էր նրանով, որ միամիտ մարդկությունը հավատում էր, թե այլեւս նման արյունալի խենթություն աշխարհում չի կրկնվելու: Կրկնվեց, այն էլ տասնապատիկ ուժով, ընդամենը քսան տարի անց: Ի միջի այլոց, Հայաստանում վաղուց արդեն պետք է պաշտոնապես նշվի այդ օրը, ինչպես դա արվում է Անտանտայի այլ երկրներում, քանի որ Հայաստանի Առաջին հանրապետությունը հանդիսանում էր Անտանտայի դաշնակից եւ մասնակիցը, ինչը ոչ միայն չի կարելի մոռանալ, այլ պետք է նաեւ հիշեցնել աշխարհին:

Սակայն այս տողերի շարժառիթն այլ է: 2017 թ. նոյեմբերի 11 նույնպես պատմական օր է, թեեւ դա էլ  քիչ թվով մարդիկ են այսօր գիտակցում: Հարավասիական ժամանակով նոյեմբերի 11-ին վյետնամական Դանանգ քաղաքում հանդիսավոր կերպով չկայացավ ՌԴ նախագահ Պուծինի հանդիպումը ԱՄՆ նախագահ Թրամփի հետ: Պետք չէ թերագնահատել այս ՛՛չհանդիպման՛՛ կարեւորագույն պատմական նշանակությունը, քանզի այն արձանագրեց բոլորովին նոր իրավիճակ ինչպես միջազգային քաղաքականության մեջ, այդպես էլ ԱՄՆ-ի եւ ՌԴ ներքին քաղաքական կյանքում:

Կատարվածը, կամ եթե ցանկանաք չկատարվածն իսկապես աննախադեպ է: Նախ, Թրամփն ինքն էր նախապես ակնարկում նման հանդիպման հնարավորության եւ ցանկալիության մասին: Հավանաբար Թրամփը ձգտում էր ցուցադրել, որ ԱՄՆ-ում ընթացող սկանդալային հետաքննությունը նրա շրջապատի եւ ռսական հատուկ ծառայությունների շփման մասին նրան հունից չի հանել եւ նա վստահորեն առաջնորդում է երկիրը: Ու թեեւ նա շատ ավելի կարեւոր օրակարգ ուներ Չինաստանի նախագահի հետ քննարկելու, սկսած Հյուսիսային Կորեայի խնդրից մինչեւ բազմամիլիարդանոց տնտեսական համագործակցությունը, այնումենայնիվ հենց ռուս նախագահի հետ սպասվող հանդիպումն էր մնում միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Ինչ վերաբերվում է Պուծինին, ապա նա ընդհանրապես աշխարհի կեսն անցնելու եւ Վիետնամ հասնելու համար չուներ որեւե այլ լուրջ առիթ ու նպատակ, բացի Թրամփին հանդիպելուց: Նրա համար այդ հանդիպումն ուներ կարեւորագույն ներքաղաքական նշանակություն՝ ցուցադրել իր երկրի ներսում եւ հատկապես նրա օլիգարխական շրջապատին որ նա շարունակում է մնալ համաշխարհային կարգի առաջնորդ, որ նրա հետ հաշվի են նստում ԱՄՆ-ը, որ նա վերահսկում է իրավիճակն անգամ միջազգային պատժամիջոցների եւ ներքին ֆինանսական ճգնաժամի պայմաններում:

Եւ հանկարց այս ամբողջ բարդ ու բազմաշերտ քաղաքական կառույցը փշրվեց նոյեմբերի 11-ին, հաշված վարկյաններում, երբ Թրամփը լուսանկարվեց Պուծինի հետ, ձեռք սեղմեց եւ անգամ նրա ուսին դիպավ, ինչը հատուկ նշեցին ռուս լրագրողները, որից հետո… ոչինչ: Թրամփը հեռացավ: Ճիշտ է, օրվա երկրորդ կեսին նրանք կրկին հանդիպեցին միջանցքում եւ ոտքի վրա փոխանակեցին մի քանի նախադասություն, որունց հիման վրա ճարպիկ օգնականներն ինչ-որ համատեղ հայտարարության նման թուղթ են մոգոնել, սակայն դա ոչ ոքի աչքից չթաքցրեց պահի անհեթեթությունը՝ երկու միջուկային տերությունների նախագահները չկարողացան իրագործել պարզագույն մի քայլ: Նրանց նախատեսված առանձին հանդիպումը չկայացավ: Ո՞վ կամ ի՞նչը տապալեցին դա: Նվաստացած Պուծինը հազիվ է զսպում զայրույթը, նրա խոսնակ Պեսկովն արդեն ասաց, որ մեղավորները խստորեն պատժվելու են, իսկ արտգործնախարար Լավրովը կորցրել էր դիվանագիտական զսպվածությունը, համարյա ճչալով հետաքրքրասեր լրագրողների վրա: Սակայն Պուծինը դժվար թե կարողանա պատժել ՛՛չհադնիպման՛՛ մեղավորներին, եթե իհարկե այդ դերի համար չնշանակի որեւե անմեղ ու անմեղսունակ քարտուղարուհու, իբրեւ թե թյուր տեղեկություն նրան տալու համար: Իրական ՛՛մեղավորներին՛՛ չի կարող պատժել նաեւ Թրամփը, որը ստիպված էր ենթարկվել նրանց հրահանգին եւ հրաժարվել Պուծինի հետ պաշտոնական հանդիպումից: Այդ հրահանգը ԱՄՆ նախագահին, ամենայն հավանականությամբ, փոխանցել է Կոնգրեսը, Պենտագոնը եւ հանրապետական կուսակցությունը ներկայացնող այն խումբը, որի մեջ մտնում են Թրամփին շրջապատող եւ նրան վերահսկող գեներալներ Մաթիզը, ՄաքՄասթերը, մասամբ սենատոր ՄաքՔեյնը՝ ամերիկյան վերնախավի այն ընտրանին, որը վերջին ամիսներին իրականացնում է երկրի իրական ղեկավարությունը, կտրուկ սահմանափակելով գործող նախագահի լիազորությունները: Մենք բոլորս հենց նոր ականատես եղանք այդ խմբի ազդեցության մակարդակի: ԱՄՆ քաղաքական համակարգն ապացուցեց իր հզորությունն ու ճկունությունը: Մեկ մարդը, անգամ նախագահը, չի կարող թելադրել իր կամքը ողջ պետությանը, առանց հակակշռող եւ վերահսկող լծակների: Թրամփը փորձեց ընդլայնել իր լիազորություններն ու դիմել արկածախնդրությանը՝ նրան արագ ընտելացրեցին եւ փաստորեն դրեցին շատ կոշտ շրջանակների մեջ: Նոյեմբերի 11-ին նա նույնպես խայտառակվեց, չկարողանալով իրականցնել սեփական խոստումը Պուծինին: Սակայն բոլորից շատ խայտառակվեց իհարկե ինքը Պուծինը: Նման նվաստացում ու ապտակ նա չի ապրել վաղուց: Ավելի ճիշտ, նման դեպք արդեն եղել էր մի քանի տարի առաջ, երբ ՛՛մեծ քսանյակի՛՛ հանդիպման ժամանակ նրան ցուցադրաբար արհամարհում էին անգամ ճաշկերությի ժամանակ, թողնելով միայնակ հեռավոր սեղանի մոտ, իսկ Օբաման չարժանացրեց նրան որեւե ուշադրությամբ: Դրանից հետո Պուծինը չեր մասնակցում որեւե միջազգային հավաքներին, բաց թողնելով անգամ ՄԱԿ-ի նիստերը: Եւ Վիետնամ նա գալիս էր միայն մի նպատակով՝ ճեղքել նրա շուրջը ստեղծված մեկուսացման օղակը, վստահ լինելով Թրամփի հետ հանդիպման անշրջելիությանը: Նա սխալվեց եւ արդյունքում հայտնվեց էլ ավելի ծանր, փաստորեն անելանելի վիճակում: Նոյեմբերի 11-ը դարձավ Պուծինի միջազգային կարյերայի ավարտը: Այդ օրը նա կնքեց իր քաղաքական մահը միջազգային ասպարեզում: Նա դեռեւս չի ընդունում այդ իրողությունը, նրա պնակալեզները թաքցնում են դա աղմկահարույց անհեթեթություններով ՛՛հերթական հաղթանակի՛՛ եւ ՛՛հանճարեղ առաջնորդի՛՛ մասին: Սակայն նրա առավել տեղեկացված եւ շահագրգիռ հաճախորդները օլիգարխների թվից արդեն գիտակցել են, որ նա այլեւս չի կարող երաշխավորել նրանց գողացած փողերի անվտանգությունը: Իսկ դա Պուծինի իշխանության հիմնական, եթե ոչ միակ իմաստն ու նպատակն էր, դրա հիմնաքարը եւ սյունը: Եթե դա այլեւս այդպես չէ, ուրեմն Պուծինն էլ է կորցնում իր իշխանության հիմքը եւ աջակցությունը օլիգարխների կողմից: Իսկ նրա ղեկավարած Ռուսաստանում իշխանությունը կորցնում են միայն ազատության եթե ոչ կյանքի հետ միասին:

Ինչու՞ է սա կարեոր մեզ համար: Պուծինի առաջին միջազգային հանդիումը խայտառակ ու անփառունակ վերադարձից հետո կայանալու է Մոսկվայում նոյեմբերի 15-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Սերժը բավականաչափ հմուտ ու փորձառու խաղացող է եւ կարողանալու է թաքցնել իր մտքերը քաղցր արեւելյան կենացների տակ: Սակայն նա նույնպես գիտակցում է կատարվածի իրական իմաստը եւ պետք է ճիշտ ու արագ եզրակացություններ անի: Պուծինյան Ռուսաստանն այլեւ ոչ թե անվստահելի դաշնակից է՝ այն մահացու վտանգավոր է, քանի որ Պուծինը հրապարակայնորեն ու ցուցադրաբար ապտակ է ստացել միջազգային ասպարեզում եւ փաստորեն օրենքից դուրս է հայտարարված: Նրա հետ որեւե շփումն այլեւս պարզապես վարակիչ է: Սերժը չի կարող իրեն թույլ տալ Թրամփի պես խուսափելու Պուծինի հետ նախապես հայտարարված հանդիպումից, սակայն Հայաստանի դիրքերը միշտ ուժեղանում են այնքանով, որքանով թուլանում են Ռուսաստանի դիրքերը, ուստի նոյեմբերի 24-ին նշանակված ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը միայն ավելի իրական է դառնում Պուծինի նոյեմբերի 11-ի պարտությունից հետո: Սերժը պարտավոր է դիմակայել Մոսկվայում ցանկացած հնարավոր ճնշմանը ցանկացած գնով: Այլապես նոյեմբերի 24-ի փրկության հնարավորությունը կվերածվի Հայաստանի համար հերթական նոյեմբերի 29-ի՝ ռսական բանակի զավթիչ արշավի հերթական տարելիցի, որն 97 տարի առաջ վերջ դրեց Հայաստանի առաջին հանրապետությանը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply