ՍՏԻ ԿԱՅUՐՈՒԹՅՈՒՆ

0

Մի տեսակ չգնահատված ու աննկատ անցավ դարակազմիկ այս խայտառակությունը՝ Պուծինը ամերիկյան օդուժի հարվածը աֆղան թալիբների դիրքերին ցուցադրեց իբրեւ ռսական օդուժի հարվածը ԻՍԻՊ-ի վրա:

Սխալներ պատահում են, ինչ խոսք: Սակայն խայտառակությունն այն չէ, որ Պուծինն ակամա տարածեց կեղծիքը, այլ այն, որ նման ստերի վրա կառուցվում է այդ հսկայական միջուկային տերության ողջ քաղաքականությունը: Պուծինին սուտ տեղեկություններ տրամադրեց պաշտպանության նախարար Շոյգուն: Նրան իր հերթին կեղծ տեսագրություն են հանձնել ռազմական հետախուզությունից, որն էլ ստացել է այդ կեղծիքը ինչ-որ մի տականքից, ով բնագրի անգլերեն ձայնագրությունը ջնջել-փոխել է բեմադրված ռսերենով: Եւ այս բազմահարկ ու բազմաշերտ ստախոսությունը հանդիսանում է կարեւորագույն քաղաքական ու ռազմական որոշումների հիմք: Պատերազմներ են սկսվում եւ պայմանագրեր են կնքվում սուտ տեղեկությունների, սուտ խոստումների, սուտ պնդումների ու երդումների հիման վրա: Մարդիկ են զոհվում եվ պետություններ են քանդվում այդ ստերի պատճառով:

Աշխարհն այս մի կեղծիքի մասին իմացավ պատահաբար, քանի որ Պուծինը սնապաշտությամբ դրդված ցուցադրեց այդ դրվագը ամերիկացի բեմադրող Օլիվեր Սթոունին, վերջինն էլ տեղադրեց այն վավերագրական իր ֆիլմում, իսկ մասնագետները ճանաչեցին եւ գտան բնագիրը, բացահայտելով կեղծիքը: Սակայն կրկնում եմ՝ մենք մի տեսակ անտեսում ենք այս իրադրության ողջ զավեշտն ու մղձավանջը: Ուրեմն ինչ-որ մի անհայտ ու կիսագրագետ կեղծարար կարող է այսպիսի հեշտությամբ խաբել Պուծինին: Պուծինին, ով ինքն է անամոթաբար խաբում բոլորին, պնդելով, որ Ուկրաինայում ոչ մի ռուս զինվոր չկա, իսկ հետո ՛՛Ղրիմի ազատագրման՛՛ համար շքանշաններ բաժանելով եւ հանգիստ ասելով, ՛՛այո, մենք երբեք չենք ժխտել, որ այնտեղ մեր զինվորականներն են գործել՛՛: Դա նույն Պուծինն է, ով ամիսներ շարունակ ժխտում էր ԱՄՆ, Ֆրանսիայի, Գերմանիայի ընտրություններին ռսական համակարգչային ներթափանցումը, իսկ հետո ասում է, որ ՛՛դա կարող էին անել մարդիկ հայրենասիրական նպատակներով՛՛: Սուտը դարձել է պուծինյան Ռուսաստանի օդը, հացն ու ջուրը: Սուտը ռուսական քաղաքականության, գաղափարախոսության, տնտեսության, ռազմավարության, կենցաղի ու ողջ կյանքի առանցքն է: Սուտն իր բարձր հովանու տակ առած Պուծինն ինքն է դարձել սեփական ստի պատանդն ու զոհը: Սա է Օլիվեր Սթոունի ֆիլմի գլխավոր արդյունքը՝ ցանկանալով ՛՛մարդկայնացնել՛՛ եւ արդարացնել Պուծինին, Սթոունն ակամա ու պատահաբար դիմակազերձել է ոչ միայն իր ֆիլմի գլխավոր հերոսին, այլ նաեւ ողջ Ռուսաստանի գլխավոր գաղտնիքը:

Մեծ հաշվով այդ գաղտնիքը նոր չէ՝ հենց ստի ու կեղծիքի պատճառով էր քանդվել հզոր Սովետական Միությունը: Ռուսաստանն այս առումով ԽՍՀՄ արժանի իրավահաջորդն է եւ այժմ քանդվում է հենց նույն այդ ստի ծանրության տակ: Մնացածները պետք է որքան հնարավոր է հեռու փախչեն դրանից, որպեսզի փլատակների տակ չմնան:

ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը ժամանակին անվանել էր ԽՍՀՄ ՛՛չարիքի կայսրություն՛՛: Պուծինյան Ռուսաստանը պատմության մեջ կմնա իբրեւ ՛՛ստի կայսրություն՛՛:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply