ՎԵՐՋԻՆ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՈՒ ԴԵՄԱԳՈԳԻ ՁՄԵՌԸ

0

Ֆիդել Կաստրոի մահը խորհրդանշում է 20-րդ դարի մեծ բռնակալների ժամանակաշրջանի ավարտը: Կաստրոն վերջինն էր: Նա Ստալինի ու Մաո Ցզե Դունի կրտսեր ժամանակակիցն ու աշակերտն էր, նա Քեննեդիի ու Խրուշչովի հակառակորդն ու գործընկերն էր, նա ողջ աշխարհր ձախ ծայրահեղականների առասպելն էր եւ աջ ծայրահեղականների անեծքը: Նա ընկերություն էր անում Հեմինգուէյի ու Մարկեսի, Գագարինի ու Մարադոնայի, Բրեժնեւի ու Մուհամեդ Ալիի հետ: Նա հերոսական արկածախնդրությամբ ազատագրեց Կուբան դաժան բռնապետ Բատիստայից եւ փոխարենը կառուցեծ Կուբայում շատ ավելի դաժան բռնապետություն, որի տակից երկիրը չի կարողանում դուրս պրծնել առ այսօր: 1957 թ. կաստրոյական հեղափոխությունից առաջ Կուբան անվանում էին Կարիբյան ծովի մեծագույն բորդել եւ կազինո: Կաստրոյի կեսդարյա իշխանությունից հետո Կուբան շարունակում է մնալ մեծ բորդել ու հետն էլ Կարիբյան ծովի ամենամեծ աղբանոց՝ ամերիկյան հին մեքենաների եւ իսպանական ավելի հին տների, ավելի ճիշտ ավերակների հավաքածու:
Նա չկարողացավ տալ կուբացիներին ոչ ազատություն, ոչ հավասարություն, ոչ բարգավաճում: Հիսուն տարի շարունակ նա փոփոխական հաջողությամբ վաճառում էր իր ժողովրդին տարօրինակ մի ապրանք՝ հպարտություն: Կուբացիները պետք է հպարտանային սեփական աղքատությամբ ու անկոտրուն հեղափոխականությամբ: Մոտավորապես նույնն է անում այսօր Պուծինը Ռուսաստանում: Տարբերությունն այն է, որ Կուբայում շատ ավելի լավ կլիմայական պայմաններ են ու հետեւաբար բնակչությունն ավելի անբռնազբոս է ու բարի:
Ֆիդելը հավատարիմ մնաց սեփական անվանը, որը նշանակում է հենց ՛՛հավատարիմ՛՛: Նրա կրակոտ ու կրքոտ երեք-չորս-հինգ ժամանոց ճառերն այլեւս չեն հնչելու Հավանայի ալարկոտ ու չքնաղ գիշերներում: Նրանից հետո մնում է ժամանակից դուրս ընկած ու ավերակների վերածված այդ ուրախ ու միամիտ մարդկանց կղզին, որտեղ շարունակելու են երգել մամբա ու հաբաներա, ռումբա ու բոսանովա, շարունակելու են փաթաթել լավագույն սիգարները, շարունակելու են ապրել ու սիրել, կարծես չկար երբեք ո՛չ ՖԻդելը, ո՛չ Չե Գեվառան, ո՛չ հիսունամյա այս տարօրինակ ու սյուրռեալիստական ՛՛Կուբա Լիբրե՛՛ ռոմանտիկ ու դաժան հեքիաթը:
Ի վերջո, Ֆիդել Կաստրոն հանճարեղ դեմագոգ էր եւ կեղծավոր ռոմանտիկ: Կեղծավոր, քանզի բոլորից շուտ ու բոլորից լավ հասկացավ իր պատմած հեքիաթի դաժան ավարտը, սակայն մինչեւ կյանքի վերջին օրը հավատարիմ մնաց սեփական ցնորքին: Անունն էր այդպիսին՝ Ֆիդել:
Կուբայից ոչ հեռու մեկ այլ, էլ ավելի զարմանալի կղզի կա, որը հավասար բաժանված է երկու պետությունների միջեւ. աշխարհի ամենաաղքատ ու դաժան Հաիթիի եւ տարածաշրջանի ամենաբարգավաճ ու երջանիկ Դոմինիկյան հանրապետության: Դրանք կարծես Հյուսիսային ու Հարավային Կորեաները լինեն, բայց շատ ավելի փոքր՝ մի կղզյակում: Սա է Կուբայի ճակատագիրը՝ նախկինը եւ ապագան: Ֆիդելի դեմագոգիան եւ անձնական հմայքը դաժան ծառայություն են մատոցել մարդկությանը՝ նա բոլորից երկար էր պահում երիտասարդ հեղափոխության գեղեցիկ ու կեղծ դիմակը բռնապետական սոցիալիզմի փտած ու մեռած գանգի դիմաց: Ֆիդելը քողարկում էր Խրուշչովի բռիությունը եւ Բրեժնեւի մառազմը, Կիմ Իր Սենի ստալինիզմը եւ անգամ Պուծինը հասցրեց օգտվել նրա պերճախոս ժառանգությունից՝ սեփական դեմագոգիան հարստացնելով:
Ֆիդելի ընկեր Գաբրիէլ Գարսիա Մարկեսը նաեւ նրանից էր պատկերել իր անզուգական ՛՛Պատրիարքի աշունը՛՛: 20-րդ դարի վերջին պատրիարք Ֆիդել Կաստրոն մահացավ աշնան ավարտին, ձմռան շեմին: Կուբայի ափերի մոտով անցնող հսկայական ու տաք Գոլֆստրիմը տանում է իր հետ օվկիանոս ողջ աղբն ու փառքը, դատարկ շշերն ու օգտագործված պահպանակները, չորացած դափնիներն ու փչացած խաղալիքները՝ մարդկային անվերջ կառնավալի փետուրներն ու դիմակները:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply