ՖԻՖԱ-Ն ՈՒ ՄԱՖԻԱՆ

0

Այն, որ ֆուտբոլի միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն մի անկախ եւ անվերահսկելի կառույց է, խոցելի բոլոր տեսակի գայթաղկությունների եւ ապօրինությունների համար՝ հայտնի է վաղուց: Դրան նպաստում է երկու գործոնների չարաբաստիկ միաձուլումը՝ ՖԻՖԱ-ի կանոնադրությունը, ինչը վեր է դասվում անդամ-երկրների ազգային օրենսդրությունից, եւ վիթխարի նյութական միջոցները, որոնք շրջանառվում են ՖԻՖԱ-ում: Բավական է հիշել, որ եւրոպական որոշ «գրանդակումբների» տարեկան շահույթը գերազանցում է մի շարք երկրների, այդ թվում` Հայաստանի պետական բյուջեն:

Այս ամենը պարարտ հող ստեղծեց կոռուպցիայի համար, եւ օրերս բռնկված սկանդալը, ՖԻՖԱ-ի երկու տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալումներով, հասունանում էր տարիներ շարունակ: Եւ արդեն լսվող «Բա էլ մեզնից ի՞նչ եք ուզում, եթե սաղ աշխարհն էլ սենց ա անում…» չարախոսությունը ոչ այլ ինչ է, քան հանցակից քաղքենիություն, քանի որ աշխարհն հենց հիմա ցույց է տալիս կեղտից ու կոռուպցիայից մաքրվելու իր կամքն ու կարողությունը, ի տարբերություն մեզ:

Ուշագրավ է Մարադոնայի եւ Ռոմարիոյի պես ֆուտբոլային գերաստղերի անմիջական արձագանքը, նրանց շնորհավորանքները եւ ֆուտբոլը կեղտից մաքրելու արտահայտված հույսը: Էլ ավելի ուշագրավ է, որ ոստիկանական գործողությունները ՖԻՖԱ-ի նկատմամբ նախաձեռնեց եւ իրականցրեց ոչ այնքան ֆուտբոլային, որքան քաղաքական գերտերություն ԱՄՆ-ը: Հավանաբար, ՖԻՖԱ-ի պես հսկայի դեմ ստիպված էին դուրս գալ իրական հզոր խաղացողներ, որոնք չեն մրոտվել ֆուտբոլային գերշահույթների հետ կապված սկանդալներում, ինչպես Իտալիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Թուրքիայի, Ռուսաստանի դեպքում: Երրորդ ուշագրավ առանձնահատկությունն է այն, որ սկանդալների եւ կաշառակերության մեղադրանքների հիմնական թիրախն առաջիկա երկու համաշխարհային առաջնություններն ընդունող երկրներն են՝ Ռուսաստանն ու Քաթարը: Հենց այդ ընտրությունում հաղթելու նպատակով են ծախսվել արդեն հրապարակված $150 միլիոն դոլարի կաշառքները, որոնք բաժանվել էին քվեարկող «երրորդ աշխարհի» անդամ-երկրներին:

Եւ ահա գալիս-հասնում ենք մեր հարազատ սար ու ձորը: Բանն այն է, որ ֆուտբոլային կոռուպցիայի ամենահզոր ու շահութաբեր աղբյուրը ոչ թե չորս տարի մեկ անցնող քվեարկությունն է, այլ օրնիբուն գործող ֆուտբոլային տոտալիզատորը, որին սույն քրեական գործի շրջանակներում դեռ չեն էլ հասել: Այս առումով հետաքրքիր է հենց Հայաստանի օրինակը, որտեղ ազգային ֆուտբոլի ֆեդերացիան գլխավորում է նույն անձնավորությունը, ում, ըստ մամուլի պնդումների, պատկանում է նաեւ երկրի սպորտային տոտալիզատորը: Այսինքն, ՀՀ ֆուտբոլային առաջնության արդյունքների հետ կապված խաղադրույքների եկամուտը վերահսկում է նույն այդ ֆուտբոլային առաջնության պաշտոնական ղեկավարը: Որքան էլ զավեշտալի է այս փաստը (ինչը ոչ ոք չի հերքում), այդպես էլ չի դարձել ո՛չ ազգային, ո՛չ միջազգային սկանդալի եւ հետաքննության առարկա: Ունենալով Զեպ Բլաթերի նման վերադաս, Ռուբեն Հայրապետյանը կարող է հանգիստ վայելել իր ֆուտբոլային անձեռնմխելիությունը, որը «Հարսնաքարի» սպանությունից հետո հանձնված պատգամավորականից էլ ամուր է: Իսկ նրա ներքին եւ արտաքին դիրքերի ամրության մասին վկայում են ցուցադրական ֆոտոսեսիաները ինչպես ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի, այնպես էլ ՈՒԵՖԱ-ի ղեկավար, նախկին ֆուտբոլային «գերաստղ» Միշել Պլատինիի հետ: Ահա ինչու են անպատիժ անցնում բազմաթիվ խայտառակությունները՝ սկսած թիմերի եւ մրցավարների կաշառակերությունից, վերջացրած Թուրքիայի հետ չարաբաստիկ խաղում ազգային հավաքականի շապիկներից Արարատ լեռան պատկերի հեռացումով:

Եւ այժմ, երբ շվեյցարական բանկերից էլ ու ամերիկյան Սահմանադրությունից ավելի անսասան թվացող ՖԻՖԱ-ի դիրքերը մայիսյան մի առավոտ հանկարծ խարխլվել են նույն շվեյցարական եւ ամերիկյան ոստիկանների միջամտությամբ, կարելի է հուսալ որ մի բան կփոխվի նաեւ հայոց ֆուտբոլային բդեշխությունում: Օրիանաչափ է, որ հույսն այստեղ էլ է գալիս  ոչ թե կաշառակերության ու կեղծիքի հիմնական աղբյուր Ռուսաստանից, այլ ինքնամաքրման եւ արդարադատության ձգտումով առաջնորդվող Արեւմուտքից:

Հետո չասեք, թե սպորտը քաղաքականությունից դուրս է:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply