ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ԴԱՍԵՐԸ

0

Քաղաքական ընտրությունները սովորաբար արտացոլում են նաեւ ազգի բարոյական ու անգամ գեղագիտական նախասիրությոինները, ուստի երկրի իշխանությունը ավանդաբար եւ արդարացիորեն համարվում է հասարակության հայելին: Իհարկը սա վերաբերվում է միայն ազատ ու արդար ընտրությունների շքեղությունն իրենց թույլատրող երկրներին:

Այս առումով հետաքրքիր է եւ ուսանելի Ֆրանսիայում անցնող նախագահական ընտրությունների կենցաղային եւ մարդկային աստառը: Մի կողմ թողնենք ԿԳԲ-ի հովանավորության տակ հանդես եկող ֆաշիստ թեկնածու Մարին Լե Պենին: Ֆրանսիական յուրահատկություններն այս քաղաքական շրջանում առավել ընդգծված ներկայացնում է մեկ այլ կին, որի մասին դեռ երեկ աշխարհը ոչինչ չգիտեր: Խոսքը հիմնական հավակնորդ Էմանուել Մակրոնի կնոջ՝ Բրիժիտ Տրոնյոյի մասին է: Մադամ Մակրոն-Տրոնյոն 24 տարով մեծ է իր ամուսնուց, ինչը բնական է, եթե նկատի առնենք, որ 63-ամյա Բրիժիտը 39-ամյա Էմանուելի դպրոցական ուսուցչուհին է: Ընդ որում՝ ֆրանսերենի ուսուցչուհի:

Ամեն ինչ սկսվեց քսան տարի առաջ, երբ ավագ դասարանցի տղան սիրահարվեց այն ժամանակ մադամ Օզյերին՝ այդպիսին էր Բրիժիտի ազգանունն առաջին ամուսնության մեջ: Վրդովված ծնողները ստիպեցին որդուն փոխել դպրոցը, ուղարկեցին նրան Փարիզ, սակայն սիրահարված զույգը շարունակում էր շփվել Համացանցի միջոցով եւ երեք տարի անց Բրիժիտը բաժանվեց առաջին ամուսնուց ու նույնպես մեկնեց Փարիզ, որտեղ էլ 2007 թվականին նա պաշտոնապես դարձավ տիկին Մակրոն-Տրոնյո:

Սա իրադարձությունների մակերեսային մասն է եւ ՛՛ունքեր բարձրացնող՛՛ այս պատմությունը կմնար ՛՛դեղին մամուլի՛՛ աշխարհիկ ասեկոսի բաժին, եթե այս զույգը չհավակներ այսօր դառնալու աշխարհի կարեւորագույն պետություններից մեկի իշխանության առաջնորդը: Ֆրանսիան ունի նախագահների բարդ ընտանեկան հարաբերությունների փորձ՝ Ֆրանսուա Միտերանի թաղմանը կողք կողքի կանգնած էին նրա կինը եւ սիրուհին, ինչը ֆրանսիացիների մեծամասնությունը հպարտությամբ համարեցին իրենց երկրի ու ազգի հանդուրժողականության եւ քաղաքակրթության խորհրդանիշ: Էմանուելն ու Բրիժիտը մեկ այլ օրինակ են մատուցում Ֆրանսիային եւ աշխարհին՝ դա կեղծավորությունը մերժելու եւ հասարակական պայմանականնություններին մարտահրավեր նետելու խիզախության օրինակ է: Իր անձնական կյանքում անկեղծ ու հավատարիմ Էմանուել Մակրոնը հայտ է ներկայացնում անկեղծ, անկախ ու անվախ քաղաքականություն վարելու: Կարելի է տարբեր գնահատականներ տալ նրա կեցվածքին, սակայն անհնար է ժխտել հանուն սիրո եւ ազատության նրա սկզբունքային դիրքորոշումը:

՛՛Կարմիր խնձոր՛՛ դեռ խաղացնող մեր հանրության համար օգտակար է իմանալ, որ առաջին փուլում իր դժվար հաղթանակից հետո հաջորդ իսկ օրը, ապրիլի 24-ին Մակրոնն այցելեց Փարիզում Կոմիտասի արձանի մոտ ֆրանսահայության ցույցին եւ ծաղկեպսակ դրեց Եղեռնի նահատակների հիշատակին, հայտարարելով, որ ամեն ինչ անելու է հայության շահերն ու արդար պահանջները պաշտպանելու համար: Մեր տնաբուծ ցինիկներից ոմանք անվանեցին դա կեղծավորություն: Դե ինչ, նրանք ընտելացել են ՀՀ ՛՛ռազմավարական դաշնակից՛՛ Ռուսաստանի անկեղծ ցինիզմին, որով այն զինում է Ադրբեջանը, միաժամանակ խաղաղության հորդորներ անելով:

Էմանուել Մակրոնը եւ Բրիժիտ Տրոնյոն ամենայն հավանականությամբ դառնալու են Ելիսեյան պալատի նոր բնակիչներ եւ դա այն քիչ լավ լուրերից է, որ մենք լսում ենք այս օրերին: Նրանց դեռ կարող է խանգարել Մարին Լե Պենի գլխավոր հովանավոր՝ Վլաձիմիր Պուծինը, հատկապես, որ նրա խոսնակները չեն էլ թաքցնում, որ ահաբեկչությունները Փարիզում ավելացնում են չեկիստա-ֆաշիստական գործակալուհու շանսերը: Հուսանք, որ ֆրանսիացիները մայիսի 7-ին կդրսեւորեն նույն խիզախությունն ու ազատասիրությունը, որի մարմնավորումն է այսօր դարձել Էմանուելի ու Բրիժիտի սիրո պատմությունը: Սա է ֆրանսերենի դասը նրանց համար, ով դեռ ունակ է դասեր քաղել կյանքից:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply