I-PHONE ՏԱՍԸ ՏԱՐԵԿԱՆ Է

0
Յուրահատուկ մի հոբելյան չնշեց այս օրերին գերզբաղված մարդկությունը՝ 10 տարի առաջ վաճառքում հայտնվեցին առաջին այֆոնները: Այսօր դժվար է պատկերցնել աշխարհն առանց Սթիվ Ջոբսի այս հանճարեղ գյուտի: Այֆոնն իսկապես փոխել է աշխարհը: Ես մի անգամ ուսանողներիս տպավորելու համար լսարան բերեցի մի մեծ ճամփրուկ, որից սկսեցի հանել եւ սեղանին շարել տարբեր իրեր. նոթբուք, տպիչ մեքենա, հին հեռախոս, ֆոտոապարատ, կինոխցիկ, լապտերիկ, օրագիր, օրացույց, գրիչ ու մատիտ, մեկհատորանոց հանրագիտարան, մի քանի բառարաններ, հին ու նոր թերթեր, հաշվիչ, կողմնացույց, ջերմաչափ, ռադիո, փոքր հեռուստացույց, աշխարհի քարտեզ, էլ չեմ հիշում ինչ: Սեղանի վրա տեղ չմնաց, իրերը երեք դասասեղան զբաղեցրեցին: Վերջում հանեցի գրպանիցս այֆոնն ու պաթոսով հայտնեցի, որ այդ ամբողջն այժմ աղբ է, քանի որ տեղավորվում է այս փոքր սարքում: Իրականում ոչ միայն այդ լսարանում, այլ աշխարհի ոչ մի շինության մեջ չի տեղավորվի այս սարքի ողջ բովանդակությունը, քանզի այն հասանելի է դարձնում մարդկության պատմության մեջ բոլոր գրքերը, կտավները, ֆիլմերը, թերթերը, երաժշտական գործերը, գիտական գյուտերը, քաղաքակրթության ողջ հարստությունը… Մենք այնքան ենք սովորել այս հրաշքին, որ չենք էլ գնահատում ըստ արժանիքի դրա բոլոր հնարավորությունները:
Այսօր ԱՄՆ-ում Ըփլը ներկայացրեց միանգամից երեք նոր հեռախոսներ, որոնց հնարավորություններն էլ ավելի տպավորիչ են: Աշխարհը մեր գրպանում է: Անգամ ծիծաղելի է այս օրերին լուրջ դեմքով քննարկել ռսա-թրքական ինչ-որ գետտոյում մնալ-չմնալու ՛՛հարցը՛՛: Այդպիսի հարց կա միայն Հյուսիսային Կորեայում եւ մի պետությունում, որը Հյուսիսային Կորեայից էլ հյուսիսային է: Մենք աշխարհինն ենք եւ աշխարհը մերն է: Իսկ վայ-ֆայը մի քանի տարուց ազատ է լինելու ամբողջ մոլորակի տարածքում: Շնորհավորում եմ Ձեզ այֆոնի տասնամյակի կապակցությամբ:
Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply