MH-17: ՊՈՒԾԻՆ KAPUT

0

Այն, ինչի մասին խոսում էին վաղուց՝ ոմանք հույսով ու անհամբերությամբ, ոմանք հեգնանքով ու թերահավատությամբ, ոմանք էլ վախով՝ սկսվեց: Պուծինի որսի մեկնարկը հայտարարված է: 2016 թվականի սեպտեմբերի վերջն ու հոկտեմբերի սկիզբը պատմության մեջ գրանցվելու են իբրեւ Ռուսաստանի ամենածանր ու նվաստացուցիչ ժամանակաշրջաններից մեկը, որին հետեւելու է այդ երկրի լիակատար քաղաքական ու տնտեսական պարտությունը, հնարավոր տարածքային եւ անխուսափելի բարոյական կորուստներով:
Օդերեւաբանության մեջ կա ՛՛կատարյալ փոթորիկ՛՛ հասկացություն, որն այնտեղից տեղափոխվել է նաեւ քաղաքական բառապաշար: Այն, ինչ կատարվում է հիմա Ռուսաստանում եւ դրա շուրջը կարելի է բնորոշել հենց այսպես՝ աղետալի մի շարք գործոնների աննախադեպ համաձուլում, որի արդյունքում տեղի է ունենում սարսափելի ուժգնությամբ եւ ահավոր ավերածություններով փոթորիկ:
Ռուսաստանի ղեկավարության բոլոր ձախողումներն ու հանցագործությունները, ստերն ու թերացումները կուտակված կերպով ջրի երես են դուրս գալիս հենց հիմա եւ մենք վկա ու մասկանիցն ենք լինելու աշխարհի ամենամեծ պետության գալիք ամենամեծ նվաստացմանը: Դրա միանձնյա հեղինակն ու քավության նոխազն է լինելու ՌԴ նախագահ Պուծինը:
Դեռ երեկ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նիստին ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի դիվանագետները մեղադրեցին Մոսկվային բարբարոսության եւ ռազմական հանցագործությունների համար՝ Սիրիայում ընթացող պատերազմի շարունակության պատասխանատվությունը դնելով Ռուսաստանի վրա: Այսօր, մեկ տարվա մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո Նիդերլանդների դատախազությունը պաշտոնապես մեղադրանք է ներկայացնում Ռուսաստանին 2014 թ. հուլիսի 17-ին Ամստերդամից-Մալայզիա թռչող Բոինգ օդանավի խոցման եւ 298 հոգու սպանության համար: Առաջիկա օրերին իր պաշտոնական զեկույցն է հրապարակելու նաեւ ԼԵհաստանի պաշտպանության նախարարությունը, որը մեղադրում է ռուսական իշխանությանը Սմոլենսկում 2010 թ. ապրիլի 10-ին լեհ նախագահի եւ նրան ուղեկցող տասնյակ բարձրագույն պաշտոնյաների ինքնաթիռի կործանումը կազմակեպելու մեջ: ԱՄՆ եւ մի շարք եւրոպական երկրների հատուկ ծառայությունները վերջերս հայտնել են իրենց պետական անվտանգությանը, քաղաքական գաղտնիքներին, նախագահական ընտրություններին եւ կուսակցական գործունեությանը ռուսական հետախուզության կողմից միջամտության փորձերի եւ համակարգչային դիվերսիաների մասին: Այդ ֆոնի վրա գրեթե անկարեւոր են արդեն թվում նավթի ու գազի գների անկման, ֆինանսական պաշարների կտրուկ կրճատման, բազմամիլիարդանոց կաշառակերության ու գողության, թոշակների ու աշխատավարձների սառեցման լուրերը Ռուսաստանից:
Պուծինի օրերը հաշված են: Նրա ճակատագիրը կանխորոշված է: Դեռեւս երբեք Ռուսաստանի պատմության ընթացքում այս երկրի ոչ մի այլ ղեկավարի մասին աշխարհը չեր խոսում այսպիսի հեգնանքով, արհամարհանքով եւ ատելությամբ: Ստալինից վախենում էին, Խրուշչովից ապշում, Բրեժնեւից ձանձրանում էին, Գորբաչովից հալվում, Ելցինից հիասթափվում էին: Պուծինից արդեն պարզապես զզվում են ու խորշում, իբրեւ գողից, մարդասպանից ու ստահակից: Նման ձեւով վերաբերվում էին միայն Սադամ Հուսեյնին ու Քադդաֆիին, այն էլ նրանց գահակալության վերջին շրջանում: Սակայն Ռուսաստանի պես հսկայական, բնական պաշարներով հարուստ, միջուկային զենքով օժտված երկիրը նման ստորացմանը հասցրած Վլաձիմիր Պուծինը նորագույն պատմության մեջ գրանցվելու է իբրեւ ամենաթշվառ ու անհաջողակ քաղաքական գործիչ: Ընդ որում, ի տարբերություն տխրահռչակ հյուսիսկորեական Քիմերին կան չարաբաստիկ ԴԱԷՇ-ի, որոնք անվերապահորեն ընդունում են իրենց պատասխանատվությունը կատարած եւ անգամ չկատարած մեղքերի ու չարագործությունների համար, Պուծինը քաղաքակիրթ աշխարհում առանձնակի արհամարհանք է առաջացնում իր մշտական, ցինիկ եւ անհեթեթ ստախոսությամբ: Կարելի է քաղաքականության մեջ եթե ոչ ընդունել, ապա հասկանալ դաժանությունը եւ գաղափարական թշնամությունը, կրոնական անհանդուրժողությունն ու ռասայական ատելությունը: Սակայն ինչպե՞ս հասկանալ մանր ջեբկիրի ու փողոցային ստահակի, այլ ոչ թե գերտերության ղեկավարին վայել նրա կեղծիքներն ու խաբեբայությունը: Ժխտել ռուսական զորքերի ներկայությունը զավթված Ուկրաինայում եւ հետո անմեղ հայացքով ասել, ՛՛Այո, նրանք այնտեղ էին, մենք դա երբեք չենք թաքցրել՛՛: Պնդել, որ մալայզիական Բոինգը խոցվել է ուկրաինացիների կողմից եւ գողավարի ջնջել ռուսական բանակի ներկայության հետքերը, վերագրելով գերարդիական զենքի կիրառումն ՛՛ապստամբ տրակտորիստներին ու հանքափորներին՛՛: Ստորագրել Հալեբում կրակի դադարեցման պայմանագիր եւ հաջորդ օրն իսկ ռմբակոծել դժբախտ քաղաքը: Խաղաղապահի ու ռազմավարական դաշնակցի դիմակով դեր խաղալ Արցախում, միաժամանակ բազմամիլիարդանոց զինատեսակներ մատակարարելով Ադրբեջանին՝ սա է պուծինիզմը իր ողջ մերկ, ցինիկ ու հրեշավոր բնույթով:
Սակայն, ինչպես մի առիթով ասաց ԱՄՆ մեծ նախագահ Աբրահամ Լինքոլնը՝ ՛՛Հնարավոր է միշտ խաբել քչերին եւ մի որոշ ժամանակ խաբել շատերին, սակայն միշտ խաբել բոլորին անհնար է՛՛: Ստի ոտքերը կարճ են, ինչպես կարճ է Պուծինի հասակը, որքան էլ բարձր կրունկներ չհագնի այս պարոնը, որին Սահակաշվիլին մի անգամ անվանեց ՛՛Լիլիպուտին՛՛: Գուլիվերյան մեծության Ռուսաստանի մարմինը սարդոստայնով կապած քաղաքական լիլիպուտների դարն ավարտվում է: Տեղական գաճաճները պատրաստվեն:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply