ԹԱՎՇԵ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԵԼ ԷՐ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՒՐԱԿԻՑ

0

Ապրիլյան ու մայիսյան իրադարձությունները Հայաստանում ցնցեցին մեր երկիրը եւ զարմացրեցին աշխարհն այն աստիճանի, որ շատերը բնորոշում են կատարվածն իբրեւ գերբնական, անհավանական եւ անսպասելի հրաշք: ՛՛Հայաստանի գարունն՛՛ իսկապես ընդհատեց 2008 թվականի մարտի 1-ից սկսված ՛՛քաղաքական ձմեռը՛՛ եւ զարգանալու, փոխվելու, արդիականալու հնարավորություն տվեց մեր պետությանը: Ու թեեւ հեղափոխությունը դեռ նոր է սկսվել, դեռեւս չեն կայացել արմատական փոփոխությունները ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ դիվանագիտական ոլորտներում, դեռեւս հին կարգերին ու դեմքերին են պատկանում օրենսդիր, դատական իշխանության թեւերն եւ անգամ գործադիրի մի մասը՝ այնուամենայնիվ Հայաստանում ակնհայտորեն փոխվել է մթնոլորտն ու գաղափարական ուղղվածությունը: Եւ որքան էլ վաղաժամ թվա առաջին արդյունքների ամփոփումը, անգամ այսօրվա հում եւ անավարտ վիճակում անհրաժեշտ ու օգտակար է նշել հայկական հեղափոխության արմատներն ու ակունքները:

Նիկոլ Փաշինյանի անձնուրածությունն ու քաղաքական սխրանքը անկասկած ունեցել են հսկայական դեր  ժողովրդական այս հերթական ապստամբության հաղթական ելքի մեջ: Թերեւս խորհրդանշական է, որ Փաշինյանն առանցքային դեմքերից մեկն էր նաեւ 2008 թվականի հեղափոխական շարժման ընթացքում, որի արդյունքները ողբերգական էին: Ի՞նչ է փոխվել անցած տասնամյակում: Կարծում եմ, գլխավոր փոփոխությունը կենսաբանական է՝ կյանք  է մտել մի նոր սերունդ՝ Հայաստանի փայլուն երիտասարդությունը, որն ավելի ազատ, անկախ ու արժանապատիվ գտնվեց, քան նախորդը: Սակայն երեւույթն ամբողջությամբ հասկանալու համար, պետք է ուսումնասիրել այս սերնդի քաղաքական կոփման ու թրծման գործընթածը: Դա անհրաժեշտ է ոչ թե հանուն վերացական ՛՛պատմական արդարության՛՛, այլ հենց ներկայի եւ ապագայի համար, քանի որ ողջ պայքարը դեռ առջեւում է:

2018 թվականի գարնան հաղթանակը պատրաստվում էր մի շարք երիտասարդական, բնապահպանական, սոցիալական շարժումների ներսում, որոնց թվում էին Թրչկանը, Թեղուտը, ՛՛Էլեկտրիկ Երեւանը՛՛, սակայն ամենակարեւորն ու ազդեցիկը թերեւս Մաշտոցի պուրակն էր:

Երեւանի կենտրոնում հանրային տարածքի ապօրինի սեփականաշնորհման ու յուրացման դեմ պայքարի այս հաջողված փորձը առանցքային դեր խաղաց քաղաքացիական հասարակության արդնացման, խաղաղ ու կազմակերպված դիմադրության եւ երիտասարդության քաղաքական հասունացման համար: Հատկանշական է, որ ինչպես նաեւ 1988 թվականի Արցախյան շարժման դեպքում, այս անգամ եւս սկզբնական շարժառիթն էր բնապահպանական ակտիվիստների պայքարը: Եթե 30 տարի առաջ ամեն ինչ սկսվել էր ՛՛Նաիրիտի՛՛ դեմ հանրահավաքից, ապա 2012-ի փետրվարին առաջնագծում հայտնվեցին Մաշտոցի պուրակի ոչնչացման դեմ դուրս եկած ուսանողները: Այստեղ պետք է հիշել ու նշել Մարիամ Սուխուդյանի եւ Աննա Խաչատրյանի անունները՝ հենց այս երկու օրիորդներն էին մարմնավորում բողոքի ու պայքարի խորհրդանիշը: Նրանց ոգու ուժն ու հաստատակամությունը հիմնվում էր դրանից մեկ տարի առաջ, 2011-ին հաջողությամբ պսակված Թռչկան ջրվեժը փրկելու բնպահպանական շարժման հաջող փորձի վրա: Սակայն հենց Մաշտոցի պուրակում երիտասարդ ակտիվիստների պորթկումը միաձուլվեց մտավորական շրջանակների լայն աջակցությանը եւ արդյունքում սկսվեց ու կայացավ 2008 թ. մարտի 1-ին ծանրագույն հարված ստացած եւ գրեթե տարալուծված քաղաքացիական հասարակության վերածնունդը: Մաշտոցի պուրակում իշխանության դեմ դուրս եկավ նոր Հայաստանը՝ երիտասարդության օրինակով ոգեուրված ավագ սերնդի իրական երեւանյան մտավորականության մի ողջ զանգված: Այստեղ չի կարելի չնշել այդ շարժման փիլիսոփայական ու հեղափոխական բնույթն ընդհանրացնող ու տեսականորեն ամփոփող քաղաքագետ Մանվել Սարգսյանին, ով առաջինն էր նկատել ու ձեւակերպել Հայաստանում ստեղծվող նոր քաղաքական մշակույթը՝ խաղաղ անհնազանդության վրա հիմնված պայքարը: ՛՛Դեղին սաղավարտների՛՛ շարման մեջ ընդգրվեցին այդ օրերին հասարակության լայն զանգվածներն ու ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ՝ արվեստագետներն ու գիտնականները, ուսուցիչներն ու բժիշկները, բանվորներն ու ուսանողները: Մաշտոցի պուրակում ուս-ուսի տված ոստիկանական շղթաների դեմ էին կանգնում ապագա ՛՛Սասնա ծռերն՛՛ ու Շանթի հետեւորդները, պացիֆիստներն ու հեղափոխականները: Մաշտոցի պուրակն իսկապես հայկական նոր քաղաքացիական հասարակության օրրանն էր: Այնտեղ էր սավառնում ազգային եղբայորթյան ու համերաշխության ոգին, կարնավալային ուրախ ոճը, որով կազմակերվում էին օլիգարխիայի թաղումները, մարտի 8-ի աղջիկների ՛՛ծաղիկներով գրոհը՛՛ ոստիկանականության վրա, գիշերային քննարկումները խարույկի շուրջ՝ այն ամենը, ինչ հետո 2018 թ. հեղափոխության հոգի ու մարմին դարձավ: Այնտեղ էր առաջին անգամ փորձարկվում նաեւ նոր քաղաքական մշակույթի այնպիսի տեսակն, ինչպիսին է ազգային երգով ու պարով պայքարելու եւ հանրային համերաշխությունը ամրապնդելու միջոցը: Այս առումով կարեւոր էր Գագիկ Գինոսյանի հնագույն ազգային պարերի հրապարակային մատուցումը, որը վերաճեց հետո ամեն ամսվա վերջին ուրբաթ երեկոյան Կասկադի տարածքում զանգվածային պարի ավանդույթի: Նաեւ այդ խմբակային շուրջպարերի մթնոլորտում էր ծնվում ապագա երիտասարդ հեղափոխական սերունդը, որը մի քանի տարի անց փակելու էր փողոցներն ու հրապարակները, երգ ու պարով հասնելով հաղթանակի:

Մաշտոցի պուրակի հաղթանակն ու փորձը անգնահատելի է եւ այն պետք չէ մոռանալ: Տարբեր ճանապարհներով ընթացան այդ շարժման մասնակիցները: Նույն օրերին գրանցվեց նաեւ առաջին անհաջողությունը, երբ Նախախորհրդարանի փորձը ազատագրել օլիգարխից Ծածկած Շուկան հանդիպեց կազմակերպված ամբոխային դիմադրությանը եւ տեղի տվեց: Միգուցե այդ օրվա նահանջը ճակատագրական դեր կատարեց խաղաղ անհնազանդության սկզբունքներից դեպի զինված պայքար անցնելու նրանց որոշման համար: Ինչեւե, բռնությունը մերժող անհնազանդությունը, օրինական միջոցներով խաղաղ դիմադրությունը ծնվեց Մաշտոցի պուրակում 2012 թվականին եւ անցնելով 2015 թ. ՛՛էլեկտրիկ Երեւանի՛՛ ջրցաններով, 2016 թ. ապրիլյան պատերազմի կրակով, թրծվեց, կոփվեց ու պսակվեց 2018 թվականի գարնան հաղթանակով: Որը մենք դեռեւս պետք է հասցնենք ավարտի եւ ապա պաշտպանենք ու փայփայենք աչքի լույսի պես:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply