ԻՆՉՈւ՞ ՄԵՐ ԼՎԱՑՔԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՉՈՐԱՆՈՒՄ

0
Եթե հորդառատ անձրեւի ժամանակ պատուհանից տեսնեք, որ ձեր հարեւանուհին լվացք է փռում, երեւի կմտածեք, որ նա ապուշ է: Իսկ եթե անձրեւը փոխվում է հզոր ամպրոպով եւ ուժեղանում, դառնում է տանիքներ պոկող ու ծառեր ջարդող փոթորիկ, սակայն հարեւանուհին ձեր համառորեն, ընկնելով ու հազիվ ոտքի կանգնելով շարունակում է լվացքը փռելու ու իր մաշված սպիտակեղենը չորացնելու անհույս ու անիմաստ փորձերը՝ դուք հաստատ կասեք, որ նա գժվել է:
Մինչդեռ սա հենց այն է ինչով զբաղվում ենք մենք մեր երկրում այսօր: Երբ ողջ աշխարհը, ԱՄՆ-ից ու Եվրոպայից մինչեւ Ճապոնիա ու Ավստրալիա, հետն էլ դրանց վերջին պահին միացած Թուրքիան, կայծակ ու որոտ է թափում պուծինյան Ռուսաստանի վրա, մենք էշի համառությամբ ուզում ենք անպայման չորացնել մեր անձնական կարկատած ու խղճուկ լվացքը: Եւ ես հիմա բացարձակապես նկատի չունեմ ՀՀ իշխանությանը՝ դրանք ռսի բերած ու ռսի տարած մի հաշիվ են: Խոսքս խայտաբղետ, բազմագլուխ ու բազմալեզու, բայց խայտառակ կերպով միապաղաղ, միանման ու միամիտ հայոց ընդդիմության մասին է: Նկատեք՝ տասնյակ շարժումներից ու կուսակցություններից, երթերից ու ցույցերից, հռետորներից ու առաջնորդներից ՈՉ ՄԵԿԸ չի ասում մի պարզ ու մանկամսուրի երեխային ակնհայտ ճշմարտություն՝ Հայաստանը օկուպացված է ռուս չեկիստների կողմից եւ հայոց անկախությունն ու ազատագրումը գալու է միայն այդ լծի տապալման դեպքում: Ինչպես արդեն եղել է 1918 թ. ռսական կայսրության տապալման եւ 1991 թ. ԽՍՀՄ կործանման պատճառով: Այսօր, մեր անկախության 100-ամյակին, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը Պուծինին է մատնանշում իբրեւ չարիք եւ պատրաստվում է տապալել նրա իշխանությունը, ՀՀ ընդդիմություն կոչվածը, խենթ մաքրուհու պես ուշադրություն չի դարձնում այս համաշխարհային փոթորիկին եւ խելագառ համառությամբ շարունակում է տրորել իր ծակ սպիտակեղենը, օճառոտ կեղտաջրում տեսնելով միայն Սերժ Սարգսյաի արտացոլումը, բայց ոչ երբեք արյունոտ հրեշ Պուծինին: Հետո դուրս է գալիս ամպրոպի տակ եւ նորից ու նորից փռում է թաց լվացքը փտած պարանին: Դրսի փոթորիկը մեր մաքրուհին չի նկատում ու զարմանում է, թե լվածքն ինչու՞ չի չորանում:
Ձեր լվացքը չի չորանալու, տիկնայք եւ պարոնայք, քանի դեռ դուք հրաժարվում եք տեսնել ակնհայտը եւ անել անհրաժեշտը: Դուք թացն ու չորը չեք տարբերում, չարն ու բարին խառնում եք, հրեշի փոխարեն հողմաղացների կամ արդեն արագաչափերի դեմ եք կռվում: Իսկ աշխարհը թքած ունի ձեր կեղտոտ ու չչորացող լվացքի վրա, քանի որ կեղտի գլխավոր պատճառն է վերացնում: Բայց դուք շարունակեք զարմանալ, թե որտեղի՞ց այդքան կեղտ եւ ինչու՞  է թաց մնում ձեր սպիտակեղենը: Ձեր ու իշխանության միակ տարբերությունը կեղտոտ սպիտակեղենի գույնն է՝ նրանց մոտ արյան հետքեր են, որ չեն լվացվում, ձեզ մոտ, կներեք՝ քաքի:
Ցռան Վերգոների լվացքը երբեք չի պրծնի:
Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply