ՀՈՒԼԻՍՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱ ՞ԶՄ

0
Ռուս պատգամավորների այցը Լելեթեփե, ինչպես նաեւ Դումայի խոսնակ Վոլոձինի հայտարարությունները Բաքվում միանշանակ վկայում են Մոսկվայի կողմից Ադրբեջանին Հայաստանի վրա նոր հարձակում կատարելու խրախուսում եւ աջակցություն: Կարելի է անգամ կռահել դրա մոտավոր ժամկետը՝ ֆուտբոլային առաջնության ավարտը եւ Պուծին-Թրամփ հելսինքյան հանդիպման շրջանը: Նկատի առնելով ենթադրվող գործողւության ժամանակավոր սահմանափակումները՝ 3-4 օր, Մոսկվային ու Բաքվին անհրաժեշտ է տեղեկատվական ՛՛աղմուկ՛՛, որը կշեղի աշխարհի ուշադրությունը պատրաստվող գործողությունից եւ մասամբ կստվերի այն: Պաշտոնական Երեւանը գիտակցում է խոյացող վտանգը, ինչպես կարելի է հասկանալ վարչապետ Փաշինյանի դեպի մարտական դիրքերը կատարած ստուգայցից եւ այնտեղ ՛՛ցանկացած զարգացումներին բանակի պատրաստության՛՛ մասին հայտարարությունից: Դա հույս է ներշնչում, որ գոնե առաջնագծում չի կրկնվելու 2016 թ. արպիրլի 1-ի գիշերային մղձավանջը, երբ նախագահ Սերժ Սարգսյանի բացակայության պայմաններում գլխավոր շտաբի պետ Խաչատուրովը միայն բիլիարդի հարվածներով եւ վիսկիի բաժակներով էր արձագանքում ադրբեջանական հարձակմանը: Չհաշված այս հանգամանքը, հակառակորդ կողմի՝ Մոսկվայի եւ Բաքվի գործելակերպը շատ բանով հիշեցնում են 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի պատրաստությունները: Նույն քարոզչական սադրանքներ, նույն կիսապաշտոնական  ակնարկներ, նույն լայնածավալ ռազմավարժությունները:
Նույնն են, ինչպես եւ 2016-ին, Մոսկվայի եւ Բաքվի նպատակները: Պուծինը ցանկանում է Արցախուն տեղակայել ՛՛խաղաղարար՛՛ զորքերը, հատկապես Մարտակերտի եւ Հորադիզի շրջանում: Սիրիայում ամրապնդվելու թանկարժեք եւ հիմնականում անհաջող փորձը ստիպում է նրան կրկին անդրադառնալ Արցախին, որպես գործող եւ նախագծվող գազային ու նավթային խողովակաշարերը վերահսկելու, վառելիքի միջազգային գների վրա ազդելու առավել մատչելի եւ էժան տեղանքի, որն անհրաժեշտ է վերածել պատերազմի դաշտի եւ հետո ՛՛խաղաղեցնել՛՛ այն՝  ՛՛մարդասիրական՛՛ դեսանտի միջոցով: Ադրբեջանը համաձայն է նման սցենարի միայն մի պայմանով՝ եթե հաջողվի ընթացքում գրավել որքան հնարավոր է շատ հայկական տարածք, ներկայացնելով դա երկրի ներսում իբրեւ պատմական հաղթանակ եւ վրիժառություն հայերի նկատմամբ: Ալիեւը գիտակցում է Բաքու-Ջեյհան եւ Բաքու-Կարս խողովակաշարի եւ երկաթուղու հարեւանությամբ ռուսական ռազմական ներկայության վտանգը, սակայն պատրաստ է գնալ այդ ռիսկի հանուն տարածքային նվաճումների: Ընդ որում, նա գիտակցում է նաեւ, որ լայնածավալ ու երկարաշունչ պատերազմը կործանարար է լինելու նրա իշխանության համար բազմազգ եւ ներքին հակասություններով հղի բռնապետական երկրում: Ավելին, Ադրբեջանում մեծ ներդրումներ կատարած արեւմտյան երկրները թույլ չեն տալու, որ որեւե լուրջ եւ տեւական ճգնաժամ, առավելեւս պատերազմ վտանգի նրանց շահերը: Ուստի, խոսքն իսկապես շատ կարճատեւ, ՛՛կայծակնային՛՛ հատուկ գործողության մասին է, որը պահանջելու է ոչ թե ողջ բանակի ու երկրի ներուժը, այլ հատուկ վարժեցրած եւ ոչ մեծաքանակ զորամասերի, հավանաբար վարձկանների օժանդակությամբ եւ անպայման նորագույն, թանկարժեք ու գերարդյունավետ զենքի կիրառմամբ հարձակման մասին: Իմիջիայլոց, հենց այդպիսին էր իր բնույթով ապրիլյան քառօրյա հատուկ գործողությունը, որը մենք սխալմամբ անվանում ենք պատերազմ: Սխալմամբ, քանի որ ՛՛հին դպրոցի՛՛ մեր բարձրաստիճան զինվորականները, որոնք, ինչպես աշխարհի համարյա բոլոր գեներալները, պատրաստվում են ոչ թե ապագայի, այլ անցյալի պատերազմին, հաշվարկոմ են դասագրքային տվյալները՝ թշնամու թիկունքի տեղաշարժը, զինվորական հոսպիտալների հեռավորությունը ճակատից, մոբիլիզացիոն զարգացումները, եւ չնկատելով այնտեղ մեծ փոփոխություններ, զեկուցում են թե ՛՛ամեն ինչ հանգիստ է եւ վերահսկելի՛՛:
Իմ համեստ եւ ոչ մասնագիտական կարծիքով, այս պահին մեզ սպառնում է ոչ թե պատերազմ, այլ հենց այսպիսի կարճատեւ ու սահմանափակ, բայց հզոր ու ինտենսիվ հարձակում՝ հատուկ պատրաստված զորամասերի օպերացիայի տեսքով: Այդ դավադրության անքակտելի մասն է ՀԱՊԿ կոչվող խայտառակության շրջանակներում պատրաստվող արձագանքը, որը հետեւելու է, ըստ նախագծի, Երեւանից ակնկալվող օգնության հորդորին: Հենց այդ պաշտոնական կոչից հետո Ստեփանակերտի հենց այդ նպատակով վերակառուցված եւ դեռեւս ՛՛կույս՛՛ մնացած օդանավակայան մեծ շուքով իջնելու են մեկը մյուսին հերթ չտալով ռուսական ռազմա-տրանսպորտային ինքնաթիռներ երկնագույն բերետներ կրող ՛՛խաղաղապահ՛՛ զորքերով բեռնված: Հնարավոր է համոզիչ հեռուստապատկերի համար դրանց կազմում նաեւ մի քանի ղրղըզ կամ ղազախ զինվորների առկայությունը, սակայն հիմնականում դա լինելու է պուծինյան բանակը, որը հրաման է ունենալու տեղակայվել Արցախի հյուսիսային եւ հարավային սահմաններում,  այնտեղ մշտական ռազմաբազաներ ստեղծելու հեռանկարով: Հա, մի մանրուք՝ դա իրականացվելու է երեք-չորս օր ուշացումով, ինչպես միշտ, ինչպես Սումգայիթում ու Բաքվում, հնարավորություն տալով ադրբեջանական հարվածային խմբավորմանը զավթել այնքան տարածք, որքան հասցնեն… Միայն դրանից հետո ՛՛հերոսական Կարմիր բանակը՛՛ հայտարարելու է խաղաղություն, բնականաբար՝ նոր սահմաններում, իսկ Պուծինը հայտնելու է ղարաբաղյան բազմամյա հակամարտության ավարտը, հավակնելով Նոբելյան մրցանակի իբրեւ ՛՛խաղաղարար եւ բարերար՛՛: Արցախից մնացած հողակտորին առաջարկվելու է հատուկ կարգավիճակ Ռուսաստանի Դաշնության կազմում, հնարավոր է Դումայի կողմից դրա կայծակնային ճանաչումը՝ Հարավային Օսիայի, Մոլդովական Մերձդնեստրի եւ Ղրիմի օրինակով: Իզուր չե՞ր արդյոք դրանց օգտին քվեարկում ՀՀ պատվիրակությունը ՄԱԿ-ում նաեւ ՛՛թավշե հեղափոխությունից՛՛ հետո…
Չեմ կասկածում, որ նման զարգացումը մեծ հրճվանք է առաջացնելու դեռ տարիներ առաջ Պուծինին հենց նման բան առաջարկող Զորի Բալայանի, ինչպես նաեւ մեզ բոլորիս ՛՛գյալմա՛՛ անվանող որոշ այլ տեղական գործիչների հոգիներում:
Ահա այդպիսին է նախագիծը, իմ հոռետես եւ միանգամայն ոչ
՛՛պռոֆեսիոնալ՛՛ տեսակետից: Դե ինչ, հայտնի է, որ ի տարբերություն փրկարար Նոյան տապանի՝ կործանված ՛՛Տիտանիկը՛՛ կառուցել են շատ արհեստավարժ մասնագետները, իսկ ՀՀ ՊՆ ԳՇ նախկին պետ Խաչատուրովը 2016 թ. ապրիլյան ողբերգությունից հետո շատ ավելի բարձր պաշտոն ստացավ արդեն Մոսկվայում, գլխավորելով ՀԱՊԿ զորքերը՝ երեւի որպես ՛՛բարձր պռոֆեսիոնալ՛՛:
2016 թ. ապրիլին այդ սցենարը չիրականացավ: Գլխավոր պատճառն էր՝ հայ զինվորների հերոսական դիմադրությունը եւ նահատակությունը, որը բեկանեց ռուս-ադրբեջանական դավադրությունը: Կար եւ երկրորդ պատճառը, որը մեզանում համարյա չնկատվեց կամ չգիտակցվեց: Ինչպես էլ մենք վերաբերվենք Սերժ Սարգսյանին, նա այդ օրերին չդիմեց Պուծինին ՛՛օգնության խնդրանքով՛՛, ինչպես Յանուկովիչը 2014-ին, իսկ առանց դրա ռսական դեսանտը չեր կարող կայանալ: Ավելին, արդեմ ապրիլի 5-ին Սերժը նետվեց Բեռլին, որտեղ Եվրոխորհրդարանի աշխատանքային նիստում հայտարարեց, որ ՛՛Հայաստանն այլեւս չունի քաղաքական հովանավոր՛՛: Թարգմանաբար դա նշանակում էր հրաժարում Ռուսաստանի անվերապահ վերահսկողությունից: Հայաստանում այդ փոքր բայց կարեւոր ՛՛ապստամբությունն՛՛ անցավ աննկատ: Մոսկվայում՝ հակառակը: Հենց այդ պահին կանխորոշվեց Սերժի քաղաքական ճակատագիրը, քանի որ կորցնելով Պուծինի աջակցությունը, նա այդպես էլ չհամարձակվեց շարունակել ընթանալ եվրոինտեգրացման ճանապարհով: Նա գերադասեց խուսանավել եւ դա ավարտվեց այս տարվա ապրիլի 23-ին նրա հրաժարականով:
Նիկոլ Փաշինյանը անկասկած հասկանում է այս ամենը եւ հենց սկզբնաղբյուրներից գիտի ավելին, քան այն, ինչ մենք փորձում ենք կռահել ու վերլուծել: Սակայն նա այսօր կանգնած է միանգամայն նույն մարտահրավերի առջեւ՝ Պուծինը սովոր չէ հրաժարվել իր ծրագրերից, եւ ահա ինչու առաջիկա օրերին մենք պետք է մտահոգվենք ոչ այդքան ուրիշների ֆուտբոլային խաղերով, որքան մեր դուռը ծեծող հին դաշնակից թշնամիների, ռուս-ադրբեջանական նոր սպառնալիքով:
Կա՞, արդյոք, ելք այս սարդոստայնից: Փաշինյանը փորձում է մեղմել իրավիճակը Ռուսասատնի հետ ՛՛ հատուկ՛՛, ՛՛էլ ավելի լավ հարաբերություններ՛՛ զարգացնելով: Ես, խոնարհս, չեմ կիսում նրա լավատեսությունը: Ես միայն հիշում ու հիշեցնում եմ, որ Աֆղանստանում ԽՍՀՄ-ը պարտվեց, երբ մոջահեդները ստացան ԱՄՆ-ից ՛՛սթինգերներ՛՛ եւ սկսեցին խոցել սովետական ուղղաթիռները, ինչը կանխորոշեց պատերազմի ընթացքը: Ես հիշում ու հիշեցնում եմ, որ Ուկրաինայում, ինչպես նաեւ Վրաստանում բոլոր ռսական ոտնձգություններն ու առաջխաղացումները կտրուկ ընդհատվել են, երբ Կիեւն ու Թբիլիսին ստացան ԱՄՆ-ից հակատանկային ՛՛Ջեւըլին՛՛ համակարգեր: Սակայն դա կատարվեց այն բանից հետո, երբ Ուկրաինան եւ Վրաստանը հստակ ու համոզված հայտարարել են ԵՄ եւ ՆԱՏՕ անդամակցելու իրենց ցանկության ու նպատակի մասին: ՀՀ շարունակում է համոզված ու հստակ հայտարարել ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ կազմում մնալու մասին: Ո՞ր երկիրն է ավելի պաշտպանված եւ անվտանգ՝ Ուկրաինա՞ն, Վրաստա՞նը, թե՞ Հայաստանը: Առաջիկայում մենք կստանանք այդ հռետորական հարցի պատասխանը: Միայն թե դրա համար չպահանջվեն նորանոր զոհեր եւ կորուստներ: Շատ կուզեմ սխալվել…
Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply